ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵԱՀԿ-ն Ուկրաինայի խնդրանքով ռուսական զորքերի ակտիվությունը քննարկելու համար փետրվարի 15-ին հանդիպում է նշանակել:
Ըստ արտգործնախախար Դմիտրի Կուլեբայի՝ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն Մոսկվայից խնդրել էր մանրամասն պարզաբանումներ տալ Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում ռազմական գործունեության վերաբերյալ: Վկայակոչելով Վիեննայի փաստաթղթի դրույթները՝ Կուլեբան նշել էր, որ Կիեւում 48 ժամվա ընթացքում ռուսական կողմից տեղեկություն են սպասում ռազմական գործողություններ անցկացնելու շրջանների, դրանց ավարտվելու ժամկետների եւ մասնակցող ստորաբաժանումների ու ռազմական տեխնիկայի մասին:
Երկու օր անց Կուլեբան նշել է, որ վերոնշյալ հարցի պատասխանը չի ստացվել: Որպես հաջորդ քայլ Ուկրաինան խնդրել է հանդիպում նշանակել Ռուսաստանի եւ Վիեննայի պայմանագրի բոլոր մասնակից պետությունների հետ՝ իրադրության սաստկացումը եւ ռուսական զորքերի տեղափոխումն Ուկրաինայի սահմանների մոտ քննարկելու նպատակով: