ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:
«Սպայկվաքս» (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս։ Արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները եւ արձանագրել, որ որակական ցուցանիշները եւս 2 ամիս անփոփոխ են մնում:
Այս փաստը, որպես հետգրանցումային փոփոխություն, ընդունել են նաեւ պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինները (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Եվրամիություն)։
Միաժամանակ որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչեւ 2022-ի փետրվարն արտադրված սերիաների վրա, ինչը կիրառելի է բոլոր երկրներում, նաեւ Հայաստանում առկա պատվաստանյութի համար:
ՀՀ ԱՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Նորվեգիայից ստացված «Սպայկվաքս» (Moderna) պատվաստանյութի 207600 դեղաչափից կիրառվել է 206450-ը։ Տվյալ խմբաքանակից 1150 դեղաչափ «Սպայկվաքս» (Moderna) պատվաստանյութ խոտանվել է պիտանիության ժամկետը լրանալու պատճառով։
Նախարարությունից մինչ այդ էլ հայտնել էին, որ ամբողջությամբ կիրառվել է Moderna-ի մեկ այլ խմբաքանակ (13300 դեղաչափ), որի պիտանիության ժամկետն ավարտվում էր հունվարի 14-ին։
ԱՆ տվյալներով` մինչև վերջերս պիտանիության ժամկետն ավարտվելու պատճառով չի օգտագործվել երկիր ներմուծված պատվաստանյութերի միայն 2,3%-ը։