ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է զինված ուժերի մի շարք զորավարժությունների ավարտի մասին: Նա հավելել է, որ այս պահին ընթացող մյուս զորավարժությունները եւս ավարտական փուլում են:
Վերջին օրերին ՌԴ ԶՈՒ–ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան ռազմական օկրուգում եւ Բելառուսի տարածքում։ Ներգրավված են նաեւ ՌԴ ռազմածովային ուժերի՝ Բարենցի, Սեւ եւ Բալթիկ ծովերում վարժանքներն իրականացնող գրեթե բոլոր նավատորմերը:
Շոյգուն նշել է, որ «Միութենական վճռականություն 2022» ռուս–բելառուսական համատեղ վարժանքները, որոնք ուղղված են պայմանական հակառակորդի արտաքին ագրեսիայի եւ ահաբեկիչների հարձակումների հակազդմանը, խորհրդանշում են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման երկրորդ փուլը, որը կտեւի մինչեւ փետրվարի 20-ը։
Կիեւում եւ ԵՄ-ում մտահոգությամբ են հետեւում զորավարժություններին՝ նշելով, որ զորամիավորումներն ի վերջո կարող են օգտագործվել Ուկրաինայի վրա հարձակման համար: