Արցախի Ազգային ժողովում պատրաստվում են քննարկելու «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։ Պաշտոնապես ասում են, որ հեղինակել են բոլոր հինգ խմբակցությունները, բայց այդպես չի լինում եւ, իհարկե, այդպես չէ։ Երկու խմբակցության ներկայացուցիչների անձամբ եմ հարցրել, տեղյակ չեն։ Ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ հիմնական զեկուցող լինելու է ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մեկը։ Ու թեեւ նախապես ասել էին, որ կազմակերպվելու է հանրային քննարկում, բայց առ այսօր լռություն է։
Կա՞ նման օրենքի անհրաժեշտություն։ Ադրբեջանում, օրինակ, քսանվեց տարի այդ թեմայով խոսել, բայց գործնական քայլ չեն արել։ Վրաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի (վրացական օրենսդրությամբ՝ Ցխինվալիի շրջանի) մասին օրենք ունի, որով ընդամենը վերահսկում է օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այդ տարածաշրջաններ ելումուտը։
Քառասունչորսօյա պատերազմից առաջ հայկական վերահսկողության տակ գտնված տարածքներ օտարերկրացիների ելումուտը վերահսկելու ոչ մի լծակ մենք չունենք։ Չենք կարող արգելել, երբ մարդիկ Բաքվում ավտոբուս են նստում եւ մի քանի ժամ հետո հասնում, ասենք, Աղդամ։ Չենք կարող փակել օդը եւ թույլ չտալ, որ Ֆիզուլիի օդանավակայանում ինքնաթիռ վայրէջք կատարի։
Ստեփանակերտում միայն ասում են, որ «մենք երբեք չենք հաշտվի մեր տարածքների կորստի հետ»։ Բայց դա միայն զգացմունքային պոռթկում է, որ իրեն կարող է թույլ տալ բանաստեղծը, ավագ դպրոցի աշակերտուհին, որին հանձնարարում են «հայրենասիրական թեմայով ազատ շարադրություն գրել», որպեսզի հետո տեղադրեն Ֆեյսբուքում եւ «լայքեր» հավաքեն։
Քաղաքական գործիչներից սառնասրտություն եւ հաշվենկատություն է պահանջվում։ Եվ այս տողերը չէին գրվի, եթե չհանդիպեի մի երկխոսության։ Լրագրողն Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին, որ մասնագիտությամբ պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր եւ ԱրՊՀ պրոֆեսոր, հարցնում է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, չէ՞ որ Ռուսաստանը դեմ չէր յոթ շրջանների Ադրբեջանին վերադարձնելուն, եւ լսում պատասխանը. «Չեմ կարող ասել՝ ինչ արձագանք կլինի, կյանքը ցույց կտա»։
Ժողովրդախոսակցական լեզվով դա կհնչի այսպես՝ «կապրենք, կտեսնենք»։ Նման դեպքի համար տատս ավելի դիպուկ ձեւակերպում ուներ՝ «Կամ արեւ կլինի, կամ սեւ կխավարի», բայց նրա գործը տան, բանջարանոցի, հավուճիվի հետ էր։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, մինչդեռ, օրենքի նախագծով Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում օտարերկրյա ընկերություններին տնտեսական գործունեության համար միջազգային արբիտրաժի կանչելու սպառնալիք հնչեցնելուց առաջ պետք է գոնե լսեր Բաքվում Ռուսաստանի դեսպանին եւ իմանար, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիրը «Ղարաբաղում տասնչորս վերականգնողական ծրագիր իրականացնելու հայտ է ներկայացրել» Ադրբեջանի կառավարությանը եւ մտադիր է նաեւ «երկաթգիծ կառուցել»։-
Որտե՞ղ՝ չի մանրամասնում։ Հայտնի է, որ Ադրբեջանը տվել է մինչեւ Հայաստանի սահման երկաթգծի 110 կիլոմետրանոց հատվածի կառուցման մեկնարկը։ Եվ ամենեւին էլ բացառված չէ, որ կապալառու ընտրվի ռուսաստանյան մի ընկերություն։ Կամ Ռուսաստանը ձեռնամուխ լինի Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երկաթգծի վերականգնման-վերակառուցմանը։
Մենք «կապրենք, կտեսնենք»-ի՞ երկիր ենք։ Նոնսենս չէ՞, երբ Արցախի արտաքին գործերի նախարարը մի կողմից ողջունում է ԼՂ հարցով Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունը, որում հակամարտության համապարփակ կարգավորումը դիտարկվում է «հայտնի սկզբունքների հիման վրա» (դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ փոքրամասնության ինքնորոշման իրավունք), բայց նույն տեղում էլ «չափազանց կարեւոր» գնահատում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը։
Ստեփանակերտում միշտ ենք աշխարհին «սեփական տան կտուրից» նայել, բայց այսօ՞ր էլ շարունակենք։ (Ի դեպ, ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցիչը ֆեյսբուքյան նամակագրությամբ շատ անկեղծորեն խոստովանեց, որ օրինագծին ծանոթ չէ, բայց ողջունում է, որովհետեւ դա իր համար ավելի շատ ռոմանտիկա է)։
Պատկերացնո՞ւմ եք։ Ինչպես ասում են՝ «խնջույք՝ ժանտախտի օրով»։ Քառասունչորսօրյա պատերազմ, տարածքային, մարդկային, նյութական, մշակութային, բարոյահոգեբանական անկշռելի կորուստներ եւ քաղաքական ռոմանտիկա։ Այսինքն՝ «հապա մտածեք, թե ի՜նչ բարձր է հնչում, երբ մենք Աղդամ չենք ասում, այլ Ակնա, չենք ընդունում կորուստը եւ օրենքով հայտարարում ենք, որ թշնամու վերահսկողությանն անցած բոլոր տարածքները մեր պատմական հայրենիքն ու Արցախի Հանրապետության անօտարելի մաս են»։
Որպես «ազատ թեմայով շարադրություն»՝ ոչինչ, ինչպես «ստեփանակերտերեն» են ասում՝ «կուտվի», կարելի է նույնիսկ ներկայացնել համահայկական ինչ-որ մրցույթի Բեյրութում կամ Գլենդելում։ Հարցն այն է, թե գործնականում ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ օրենքի ընդունումը։ «Կապրենք, կտեսնենք»-ով երկիր չի կառուցվում, այդ «սկզբունքով» ժողովրդի ճակատագրի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։