Փետրվարի 13-ի ուժգին երկրաշարժից րոպեներ անց սոցիալական տարբեր հարթակների ալավերդցի օգտատերերը քաղաքի շքամուտքերում եղած փլուզումների եւ շենքերից մեկի բակում թափված քարերի լուսանկարներ հրապարակեցին՝ ուղեկցող գրառմամբ, որ Ալավերդիում պատշգամբ է փլուզվել։
Փլուզումը քաղաքի Սարահարթ թաղամասի 2/27 շենքում է եղել, բայց ոչ թե պատշգամբի, այլ հարակից մառանի պատն է ամբողջությամբ քանդվել։
«Իրիկունը պառկած էի, մեկ էլ էնպես թմփաց, վախեցի։ Զարթնեցի, տեսա ամբողջ կլադովկի պատը ներքեւ ա դառել։ Էնքան եմ ուրախացել, որ ո՛չ մեքենա էր անց կենում, ո՛չ մարդ»,- կատարվածից դեռ ուշքի չեկած՝ պատմում է 72-ամյա Սեդա Գեւորգյանը։
Նա միայնակ թոշակառու է եւ մտահոգված է, թե ինչպես է վերականգնելու քանդված մառանը։ Տարեց կնոջ կարծիքով՝ տարիներ շարունակ տանիքից ներհոսած անձրեւաջրերի պատճառով է արտաքին պատը խոնավացել եւ թուլացել։
«Կրիշես վաբշե պիտանի չի, ջուրն էկել ա, տուն ա դառել։ Հիմի հարեւաններով փող ենք հավաքել, որ կրիշեն սարքենք: Ուշադրություն չեն դարձնում կրիշեքերին, անձրեւը գալիս ա, տուն ա դառնում, կլադովկեն ա դառնում, դրա հմար էլ քիչ-քիչ էս բանի առաջ ենք կանգնում։ Մի թեթեւ էլ երկրաշարժից այ սենց ա ըլնում»,- ասում է տարեց կինը՝ ակնկալելով որեւէ փոխհատուցում ստանալ։
Նույն թաղամասի մեկ այլ հասցեում՝ 3/9 շենքում, ոչ թե փոխհատուցման, այլ շենքի ամրակայմանն են սպասում արդեն 33 տարի։ Այստեղ ապրողներն անգամ ուժգին քամիների ժամանակ են խուճապահար լինում, որովհետեւ շենքը վթարային է։ 1988-ի երկրաշարժի հետեւանքով հինգերորդ հարկում բնակարաններից մեկի պատշգամբի պատն է քանդվել։ Փլուզումներ եղել են վերջին հարկաբաժնի այլ տներում նույնպես։ Հիմա լքված այդ բնակարանների դռները բաց են։ Երեք տասնամյակ անց էլ այստեղ դեռ թարմ է աղետի հետքը։
75-ամյա Քնարիկ Համամչյանը կյանքի մեծ մասը՝ քառասուն տարի, բուժքույր է աշխատել։ Հիշում է, որ հիվանդի ճնշումն էր չափում, երբ երկրաշարժը ցնցեց պոլիկլինիկայի շենքը։ Հետո, երբ ասել են, որ դեղատան շենքում պատշգամբ է քանդվել, նստել է շտապօգնության մեքենան եւ տուն հասել․ մինչեւ այսօր նույն շենքում են ապրում։
«Գռգռոց լսեցի, հետո՝ աղջկաս բղավոցը։ Էկավ, կանգնեց դռան տակ, վախում էր, հանգստացրի։ Տանից դուրս չեկանք, բայց չպառկեցինք։ Մի պահ էլ մտածեցինք, որ հնարավոր ա շինծու բան ա, դե որ երկիրը խառնված ա, էդ էլ անցավ մտքներովս։ Հետո պառկեցի, ընկա մտքերիս հետեւից, որ կարող ա նորից ըլնի։ Պատերից թափել էր ահագին, ավլել եմ, մաքրել եմ արդեն։ Ծաղկաման էր ընկել, կոտրվել, բաժակ, դրսի շկաֆն էր բաց էղել, 2 հատ բանկա էր ընկել, կոտրվել,- երեկվա կատարվածն է ներկայացնում տիկին Քնարիկը, ապա շարունակում,- ահուդողով նստած եմ, ասել են, որ հետցնցումներ են լինելու, բայց պետք չէ խուճապի մատնվել»։
Սանահին-Սարահարթ թաղամասի 3/9 շենքը 1988-ի երկրաշարժից հետո Ալավերդու վթարային կարգավիճակ ստացած շենքերից մեկն է։ Հինգերորդ հարկում փլուզված բնակարաններից բացի՝ նաեւ շքամուտքերի պատերն են իրարից հեռացած, պատշգամբները պահող հենասյուները՝ խարխլված։ Մարդկանց ամեն օրն այստեղ հավասարազոր է վտանգի մեջ լինելուն։
«Բոլոր ինստանցիաներին դիմել ենք, վարչապետից սկսած մինչեւ բոլոր իրավասու մարմիններ։ Բայց ոչ մի դրական պատասխան։ Նամակների պատասխաններում էսպես ա՝ ձեր շենքն ընդգրկված է վթարային շենքերի ցուցակում, եւ համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջին հերթում կլինեք»,- պատմում է Լուսինե Մամաջանյանն ու ցույց տալիս այն բոլոր գրությունները, որոնք երեսուն տարիների ընթացքում ստացել են տարբեր կառույցներից՝ որպես պատասխան իրենց գրած նամակների։
Շենքի խարխլված տանիքն էլ, ըստ Լուսինեի, բնակիչները սեփական ուժերով են վերանորոգել։ Իսկ բնակարանը, որում ապրում են արդեն 26 տարի, անմիջապես փլուզված հարկաբաժնի տակ է՝ չորրորդ հարկում։
«Ամեն անձրեւի ժամանակ հարյուր լիտրանոց բոչկան դնում էի ու հավաքում ջուրը, այ էդքան ջուր էր թափվում վերեւից։ Ոնց որ բաց երկնքի տակ ապրեինք,- հիշում է Լուսինեն եւ ավելացնում,- թեկուզ փոքր շինարարական միջամտություն, որ պետք է արվի, բնակշահագործման տեղամասից հրաժարվում են գալ՝ պատճառաբանելով, որ շենքը վթարային է, եւ չեն կարող տանիք բարձրանալ»։
Ալավերդիում 182 բազմաբնակարան շենք կա, որից վթարային է 19-ը։ Համայնքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանի խոսքով՝ երկրաշարժից հետո քաղաքի բազմաբնակարաններից միայն մեկը՝ Սարահարթի 1/3 շենքն է ամրակայվել։ Այդ նպատակով համայնքապետարանը 2003 թվականին 70 մլն դրամ վարկ է վերցրել, որը տարիներ անց մեծ դժվարությամբ է մարվել։
«Ես գրություններ որ գրում եմ տարբեր տեղեր, ինձ պատասխանում են էսպես՝ քանի որ Ալավերդին ընդգրկված չէ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերի ցանկում, մենք էդտեղ ամրացման աշխատանքներ չենք անում։ Կանենք էն ժամանակ, երբ Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի վթարային շենքերի գործը վերջացնենք»,- եզրափակում է համայնքապետարանի ներկայացուցիչը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։