Երեւանի քաղաքապետարանից փետրվարի 14-ին հայտնել են, որ Նուբարաշենի կենսագազի հավաքման եւ այրման կայանն այսուհետ կշահագործի համայնքային ընկերություն:
Աղբավայրից կենսագազի կորզման կայանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2009 թվականին՝ Երեւանի քաղաքապետարանի ու ճապոնական «Շիմիձու» ընկերության միջեւ կնքված համաձայնագրով: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Երեւանի քաղաքապետի որոշմամբ այս տարվա փետրվարից կայանն անհատույց օգտագործման իրավունքով անցել է «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը:
Ընկերության տնօրեն Կարեն Սարգսյանը տեղեկացնում է, որ ներկայում մեկ ժամում հավաքվում եւ այրվում է 300-400 խմ կենսագազ, որում մեթանի ծավալը 35-40% է:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ աշխարհի շատ երկրներում աղբավայրերից հավաքվող գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար, որ Երեւանը առայժմ նման հնարավորություն չունի, եւ կա մտադրություն նոր աղբավայրի կառուցման ծրագրով լուծելու այդ խնդիրը:
Իրականում Երեւանն ունեցել է հնարավորություն էլեկտրաէներգիա ստանալու, սակայն ժամանակին ճապոնական կողմին չի թույլատրվել նախագիծն իրականացնել լիարժեքորեն, որպեսզի վերջինս մենաշնորհ չունենա մեր թանկարժեք աղբի նկատմամբ:
Այսպես.
Նուբարաշենի աղբավայրի 30 հա տարածքից թունավոր գազերի օգտահանման եւ էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի շուրջ բանակցությունները Երեւանի քաղաքապետարանի եւ ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի միջեւ մեկնարկել են դեռևս 2002 թվականին: Նախագիծը պետք է իրականություն դառնար Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակում:
Այս նախագիծը ձեռնտու էր թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական տեսանկյունից մի շարք առումներով: Դադարելու էր այրման հետեւանքով ծխի ու միջավայրի համար վնասակար նյութերի արտանետումը, զգալիորեն կրճատվելու էր ջերմոցային գազերից մեթանի արտանետումը մթնոլորտ, աղբավայրի մարմնում աերոբ օքսիդացումը, որի արդյունքում կդարարեին տոքսիկ նյութերով աղտոտված ջրի գոյացումն ու ստորերկրյա ջրերի աղտոտումը, աղբավայրում ու դրա շրջակայքում աղբի տարածումը կվերանար…
Նախատեսվում էր պայմանագիրը կնքել 16 տարի ժամկետով: Ըստ որում՝ ճապոնական կողմը պետք է ստանար ածխաթթու գազին (СO2 ) համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում՝ որպես Կիոտոյի արձանագրությամբ իր ստանձնած պարտավորությունների իրականացում, Երեւանի քաղաքապետարանն էլ ամեն տարի էլեկտրաէներգիայի արտադրությունից կարող էր ստանալ 300000 ԱՄՆ դոլարին համարժեք շահույթ:
Այնուամենայնիվ, նախագծի իրականացմանը դեմ դուրս եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը, ընդ որում՝ համաձայնության գալուց ու միջազգայնորեն սահմանված ընթացակարգերով նախագիծը հաստատելուց հետո, երբ նախագծի ճապոնական մասնակիցներն արդեն ծախսել էին շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար: Վերջինիս հիմնավորումն այն էր, որ քաղաքապետարանն աղբ մատակարարելու պարտավորություններ կունենա, մինչդեռ աղբը հնարավոր է չհերիքի, ճապոնական կողմն էլ մենաշնորհ կունենա:
Միայն ճապոնական կառավարության միջամտությունից հետո Երեւանի քաղաքապետարանը տրամադրեց աղբավայրի հին հատվածը, սակայն պայմանով, որ էլեկտրաէներգիա չարտադրվի:
30 հա-ի փոխարեն տրամադրվեց ընդամենը 7 հա տարածք, էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ մերժվեց: Փոխարենն այս տարիների ընթացքում գազերը որսվում էին ու բարձր ջերմաստիճանում այրվում՝ որոշ չափով նվազեցնելով դրանց վնասակարության աստիճանը (այրման ժամանակ մեթանը վերածվում է ածխաթթու գազի, որի վտանգավորությունը կլիմայի փոփոխության վրա ազդեցության տեսանկյունից 21 անգամ քիչ է): Արդյունքում ծրագիրն իրագործվեց, բայց մասնակիորեն:
Մեր ունեցած տեղեկությամբ, դեռ 5 տարի առաջ 28 հորատանցքից աշխատում էին ընդամենը 10-12-ը, որոնցում մեթանի կոնցենտրացիան գերազանցում էր 20%-ը: Պատճառն այն է, որ աղբավայրի այս հատվածը համեմատաբար հին էր, եւ աղբի բնական նեխման հետեւանքով առաջացող կենսագազը գնալով մարում էր:
Մասնագետների պնդմամբ Նուբարաշենի կենսագազի օգտահանման կայանը կարող է ժամում մինչեւ 1500 խմ ծավալի գազ մղել, ինչի շնորհիվ հնարավոր է նոր խողովակաշարեր անցկացնել աղբավայրի մյուս հատվածներում:
«Կա կենցաղային կոշտ թափոնների կառավարման ծրագիր, որով ակնկալում ենք ունենալ եվրոպական չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր: Այն տեղակայված է լինելու հին աղբավայրի մոտակայքում՝ մոտ 29 հա տարածքում: Կունենա ստորգետնյա եւ վերգետնյա ջրերի դրենաժավորման համակարգ, ինչպես նաեւ գազայրման կայան: Այսինքն՝ առկա փորձը կիրառելու ենք այնտեղ եւ փորձելու ենք գազի այրումից ստանալ էլեկտրաէներգիա»,- նշել է «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Մայրաքաղաքը կառավարող այրերը, փաստորեն, սկսել են մտածել քաղաքի ու քաղաքացիների առողջության մասին, մնում է, որ նոր մենաշնորհներ չհայտնվեն, ու խոստումներն իրականություն դառնան:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։