ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ փետրվարի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի ընթացիկ խնդիրները անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ հումանիտար։ Քննարկման առարկա կդառնան նաեւ կազմակերպության 2022 թվականի աշխատանքային ծրագրերը։
Կողմերը եվրոպական անվտանգության վիճակի շուրջ մտքեր կփոխանակեն։ Կշոշափվեն նաեւ ռուս-լեհական հարաբերությունները, որոնք, ըստ ռուսական կողմի, անբավարար վիճակում են:
Նախատեսվում է քննարկել նաեւ ԵԱՀԿ-ի աջակցության հարցը արեւելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը։ Օրակարգում են նաեւ կազմակերպության միջնորդությունն Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ ժնեւյան քննարկումներում, ԵԱՀԿ-ի գործունեությունը Բալկաններում եւ Կենտրոնական Ասիայում:
Ուկրաինայի շուրջն իրավիճակի հարցում շեշտը կդրվի ԵԱՀԿ-ի կողմից համակարգվող Կոնտակտային խմբի աշխատանքի, Կիեւի եւ Դոնբասի միջեւ ուղղակի երկխոսության անհրաժեշտության վրա: