Ամերիկյան «CBS News»-ի հաղորդմամբ ռուսական բանակը հեռահար հրետանին մոտեցրել է Ուկրաինայի սահմանին, իսկ հրթիռներն ընդունել են կրակային դիրք։ Որոշ ռուսական զորամիավորումներ, լքելով իրենց հավաքակայանները, խիտ կուտակումներ են առաջացրել սահմանամերձ գոտում ու հետզհետե «հարձակողական դիրքեր» են սկսում գրավել։ Այս փոփոխությունները սկսել են նկատվել փետրվարի 13-ից, բայց դեռ ամբողջապես ավարտին չեն հասել։
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը կհարձակվի մինչեւ շաբաթվա վերջ, թեեւ դեռ պարզ չէ, թե ինչ ձեւով դա տեղի կունենա։ Հենց Ռուսաստանն անցնի հարձակման, ԱՄՆ-ը կկորցնի իրավիճակի վերահսկողությունը, քանի որ չի ունենա ցամաքային զորքեր ու հետախուզական ինքնաթիռներ, իսկ ռուսական կիբեր-հարձակումն ու էլեկտրոնային ռազմադաշտը լիովին կվերացնեն հաղորդակցական կապերը, հայտնում է «CBS News»-ը։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Ռուսաստանն այժմ լայնածավալ հարձակման անցնելու համար անհրաժեշտ ուժերի 80%-ն արդեն կուտակել է Ուկրաինայի շրջակայքում, իսկ մնացած ուժերն արդեն ճանապարհին են։ Ավելի քան 100.000 ռուս զինվորներ կենտրոնացած են Ուկրաինայի արեւելքում՝ Ռուսաստանում, ու հյուսիսում՝ Բելառուսում։
Իսկ թուրքական «Milliyet»-ը հրապարակել է ամերիկյան Maxar technologies արբանյակներից արված լուսանկարները, որոնք ցույց են տալիս ռուսական ուժերի տեղաշարժերը։ Սրանցում երեւում է, որ Կրասնոդարի Պրիմորսկո-Ախստարսկ քաղաքին մոտ գտնվող ռուսական ռազմաբազայում նոր Su-34 ռազմական ինքնաթիռներ են տեղակայվել։ Ռուս մասնագետների պնդմամբ՝ այստեղ տեղակայված 10 Su-34 ռազմական ինքնառիթները ուկրաինական Մարիուպոլ քաղաքից ընդամենը 120 կմ հեռավորության վրա են։
Ըստ այս լուսանկարների՝ Ղրիմի Դոնուզլավ լճի մերձակայքում նույնպես մեծ կուտակումներ կան, մոտավորապես 70 ուղղաթիռներից 2-ը Mi-26 մոդելի են, կան մեծ թվով Mi-8 մոդելի ուղղաթիռներ, աչքի են ընկնում նաեւ հարձակողական ուղղաթիռները։
Փետրվարի 13-ին կատարված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Ուկրաինայի սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Բելգորոդ քաղաքում սպասող ուղղաթիռներն արդեն անցել են դիրքավորման։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը