ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը տեսակապով առանձնազրույցներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրո Կուլեբայի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական հակամարտությամբ եւ շահարկումների ակտիվացմամբ։ Այդ շահարկումների գինն, ըստ Գուտերեշի, կարող են դառնալ մարդկային տառապանքները, ավերածություններն ու եվրոպական ու գլոբալ անվտանգության կորուստը:
Անտոնիու Գուտերեշը ողջունել է դիվանագիտական շփումների եւ հանդիպումների վերջին շարքը, այդ թվում՝ պետությունների ղեկավարների միջեւ, միաժամանակ ակնկալելով, որ կողմերը ջանք չեն խնայի հանուն խնդրի խաղաղ կարգավորման։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք է լուծվեն դիվանագիտական շրջանակներում։
Գուտերիշը հորդորել է խուսափել Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հավանականությունը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: