Երեւանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ այգու ընձառյուծը սատկել է։
Մկրտչյանը նշել է, որ կենդանուն իր վանդակում երեկ առավոտյան գտել են անշարժացած։ Ըստ նրա՝ որեւէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Տնօրենի պաշտոնակատարը շեշտել է, որ ընձառյուծը կերից հրաժարվել է միայն նախորդ երեկոյան:
«Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո ընձառյուծն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր»,- նշել է Մկրտչյանը։
Պատասխանները՝ 3-4 օրից
Մկրտչյանը հայտնել է, որ դիահերձում կատարելու եւ 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար այգի են ժամանել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու ագրարային համալսարանի պրոֆեսորներ:
Նախնական ախտորոշմամբ` պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնեւմոնիայի. կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղն ախտահարված էին: Լաբորատոր եւ դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում։
Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարը հավելել է, որ ընձառյուծը՝ Երեւանին նվիրաբերված առաջին կատվազգին, 2013-ին Հայաստան էր բերվել Վրաստանից:
Վերջին կես տարում բազմաթիվ կենդանիներ են սատկել
Նշենք, որ հունվարի 31-ին այգու ներկա եւ նախկին աշխատակիցները բողոքի ցույց էին արել՝ ընդվզելով կենդանիների թվի կրճատման դեմ։
Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը հայտարարել էր, որ այգում վերջին 6 ամսում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն դրա մասին չի բարձրաձայնվել։ Այգին հաստատել էր միայն, որ անգղեր են սատկել։
Դեռևս 2019-ին այգու շուրջը բազմաթիվ սկանդալներ եղան՝ տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հանգամանքով պայմանավորված։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արեւիկ Մկրտչյանը։