Մեր նախորդ տեքստում փորձ էր արված զրույց սկսելու սպիտակ թղթի առաջադրած պատասխանատվության ու դժվարությունների մասին: Սպիտակ թուղթն այստեղ ինչպես պայմանական, ընդգրկուն ու տարողունակ արտահայտություն էր, այնպես էլ զուտ նյութական կրիչ:
Բաբելոնյան արքա Համուրապպիի համար այդ սպիտակ թղթի դերում ժայռաբեկորն էր, իսկ տեքստը՝ սեպագիր արձանագրությունը, հույն արքոնտ Դրակոնի համար՝ քարե սյունը, Մոնտեսքյոյի պարագայում՝ հենց թուղթը: Այս երեք հեղինակներին (եթե թույլ տրվի այդպես ասել) բաժանում են հազարամյակներ, եւ միավորում բովանդակությունը: Նրանք բոլորը գրել են օրենքներ կամ օրենքների մասին:
Թերեւս հարկ չկա շեշտելու, որ անկախ ժամանակաշրջանից՝ թագավորը, արքոնտը կամ իրավագետը, երբ փորձում է գրել օրենք, դա չի անում «րոպեական պոռթկման պահին» կամ էլ թե զուտ ժամանցի քմահաճույքով:
Օրենքն ինքնին կոչված եւ միտված է հասարակական հարաբերությունների կարգավորմանն ու սոցիալական համակեցության ապահովմանը: Թեկուզեւ ներկայումս մենք կարող ենք գտնել հարյուրավոր, գուցեեւ հազարավոր սահմանումներ, թե ինչ է օրենքը, բայց դրանցում մշտապես առանցքային տեղում է օրենքի վերոնշյալ առաքելությունը: Այստեղից են նաեւ մեր առօրյայում բավական հաճախ հանդիպող «օրենքի առաջ բոլորն են հավասար», «օրենքը բոլորի համար է» եւ այսօրինակ բազմապիսի դարձվածքներ:
Որ օրենքը բոլորի համար է, որեւէ մեկը փորձ էլ չի անի վիճարկելու, սակայն հանրային խնդիրն առաջանում է գլխավորապես ոչ թե օրենքների խտրականությունից, այլ դրանց կիրառումից՝ ավելի ճիշտ չկիրառումից: Հենց այստեղ է հայաստանյան բազմաթիվ օրենքների ամբողջ «հմայքը»:
Մենք ունենք բազմաթիվ հին ու նոր օրենքներ, որոնց բովանդակային միտումը դրական է, կոչված է մարդու իրավունքների, երկրի անվտանգության, բնության, կյանքի, միջավայրի եւ էլի հազար ու մի բանի պաշտպանությանը, գեղեցիկ ու հնչեղ ձեւակերպումներով, թիրախային, խիստ եւ այս ամենի հետ մեկտեղ, որքան էլ տարօրինակ է, կիրառության մեջ ոչ պարտադիր կամ էլ թե համատարած օրինազանցություններ ենթադրող: Ամենաթարմ օրինակը վերջերս ընդունված օրենքն է պոլիէթիլենային տոպրակների մասին:
Թվում է՝ նպատակը հստակ է՝ պայքար հանուն բնության, մեր քաղաքացիների միջավայրի մաքրության եւ այլն: Կարծում ենք՝ կարիք չկա մանրամասնելու, թե ինչ արձագանք եւ, որ ամենակարեւորն է, ինչ արդյունք ունի այս օրենքը: Ըստ էության, յուրաքանչյուրս ամեն խանութ մտնելով ու դուրս գալով կարող ենք համոզվել, որ ոչ մի արդյունք, բացի երեւի թե տոպրակների թանկացումից:
Այստեղ սակայն կարեւորագույն հարցն այն է, թե մեր բոլորի կամա թե ակամա օրինազանցությունը արդյո՞ք պայմանավորված է օրենքների թերի կամ ժամանակավրեպ, ոչ բավարար հետազոտական արդյունքների վրա հիմնված լինելով, թե՞ պարզապես մենք, մեղմ ասած, կարգապահ հասարակություն չենք:
Եթե հոռետեսորեն գանք եզրահանգման, թե մենք օրենքներ չընդունող կամ չսիրող հանրույթ ենք, ապա ինչպե՞ս այդ դեպքում բացատրել, որ վերջին 30-ամյակի բազմաթիվ շրջադարձային, երկրում իշխանության ճգնաժամի, քաղաքական լարվածության կամ հետպատերազմյան խուճապային վիճակներում մեր հասարակությունը դրսեւորել է զարմանալի ինքնակազմակերպվածություն, միասնականություն եւ համերաշխություն:
Ինչպես բացատրել, ասենք, 2018 թվականի ապրիլ-մայիսի մինչհեղափոխական դրությունը, երբ իշխանությունը փողոցում էր, հայաստանյան ֆորմալ իշխանությունը դադարել էր գործող իշխանություն լինելուց, բայց սրան զուգահեռ երկիրը պարզապես չէր փլուզվում: Պետական ինստիտուտները շարունակում էին գործել, հարկերը հավաքվում էին, աշխատավարձեր ու թոշակներ էին տրվում: Նույնը կարելի է ասել 2020 թվականի նոյեմբերի մասին, երբ պարտության շոկի սահմանային իրավիճակում բոլորս ապատիկ թմբիր մեջ էինք կարծես: Սա ինչ էր, զուտ ինքնապաշտպանական բնա՞զդ, թե՞ այնուամենայնիվ, հասարակության ինքնակազմակերպվածության ցուցիչ:
Մյուս կողմից՝ չափազանց պարզունակ կլինի, եթե պարզապես այս կամ այն օրենքը գնահատենք վատ օրենք եւ ավարտենք թեման: Չէ՞ որ օրենքի որակների մասին կարելի է դատել կիրառության մեջ այն տեսնելուց հետո, բայց երբ այն չի գործում, ինչպե՞ս գնահատել: Սրանք հարցեր են, որոնք պետք է հուզեն մեր բոլոր օրենսդիրներին, ղեկավարներին ու նաեւ քաղաքացիներին: Հարցեր, որոնց պատասխանը պետք է հանգեցնի մեր կարծիքով երկու առանցքային ամրագրման՝ ցանկացած օրենք պետք է շահավետ լինի քաղաքացու համար՝ ընդհուպ տնտեսական շահը, եւ ցանկացած քաղաքացի պետք է գիտակցի ու զգա օրենքի շահավետությունը:
Վերոնշյալ բանաձեւերն, անշուշտ, խոսակցության մեկ այլ թեմա են, որոնց մասին կխոսենք հաջորդիվ:
Շարունակելի…