Փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ձեռնարկատերերի ու ներդրողների հետ, որի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների մասին․ «Նախորդ տարվա նոյեմբերի այցով Թուրքիայի-ԱՄԷ հարաբերություններում նոր շրջափուլի սկիզբ դրվեց։ Երկուստեք պատրաստկամ ենք առեւտրային հարաբերությունների զարգացման ու ներդրումների ծավալների մեծացման հարցում նոր քայլեր ձեռնարկելու»,- թուրքական «Hürriyet»-ի փոխանցմամբ ասել է Էրդողանը։
«Ստորագրել ենք 13 պայմանագիր։ ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրների շարքում Թուրքիայի հիմնական առեւտրային գործընկերն է։ Անգամ այն շրջանում, երբ մեր երկրների միջեւ հարաբերություններում որոշակի դադար էր վերցվել, առեւտրային ծավալները պահպանվել են, մասնավոր սեկտորների միջեւ համագործակցությունը նույնպես շարունակվել է։ Այժմ մեր նպատակն է երկկողմանի հարաբերությունները բոլոր ոլորտներում տեղափոխել ավելի բարձր մակարդակի։ Երեկ ստորագրված փաստաթղթերը ներառում են մի շարք ոլորտներ՝ արդյունաբերությունից մինեւ առաջադեմ տեխնոլոգիաներ, առողջապահությունից մինչեւ գյուղատնտեսություն ու երկկողմանի ներդրումներ, ու այս փաստաթղթերի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու կողմն էլ ցանկանում են համատեղ աշխատանքները մեծ թափով շարունակել»,- խոսքում նշել է Թուրքիայի նախագահը։
«ԱՄԷ-ն բարձր տեխնոլոգիական ընկերություններին ու սթարթափներին ֆինանսական աջակցության ու հարմար ներդրումների հնարավորություններ է առաջարկում։ Իսկ Թուրքիան՝ իր դինամիկ ու երիտասարդ բնակչությամբ, առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայում հայտնի նոր նախաձեռնություններ է սկսում։ Տնտեսության ոլորտում որպես միմյանց փոխլրացնող երկու պետություն՝ կարճ ժամանակում մեծ ճանապարհ կանցնենք միասին ցամաքային ու օդային ճանապարհների, բանկային ու ֆինանսական ու մի շարք այլ ոլորտներում։ Թուրքիան աշխարհում աչքի է ընկնում իր 85 միլիոն բնակչությամբ, աճող արդյունաբերական արտադրությամբ, ֆիզիկական ենթակառուցվածքներով ու աշխարհագրական դիրքով։ Կորոնավիրուսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին Թուրքիայի տնտեսական ուժը, դիմացկունությունն ու վերջին 20 տարվա ընթացքում անցած ճանապարհը։ Երբ 2020 թվականին աշխարհում դիտվեց համաշխարհային տնտեսության անկում 3.4%-ով, Թուրքիան 1.8% աճ գրանցեց։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան դարձավ Մեծ քսանյակի երկրներից արդյունաբերական արտադրության մեջ ամենամեծ աճը գրանցած պետություններից մեկը։ Անցյալ տարին ամփոփեցինք 33% աճով 225 միլիարդ դոլարը գերազանցող արտահանման ծավալով ու մոտ 500 միլիարդ դոլար արտաքին առեւտրի ցուցանիշով։
Իր ելույթում Էրդողանը նշել է, որ ողջ աշխարհում տարածված Քովիդ-19-ը Թուրքիայի համար նոր հեռանկարներ է բացել․ «Թուրքիան կարեւոր առավելություններ է առաջարկում հատկապես Ասիայում գտնվող արտադրական ցանցերին այլընտրանք փնտրող ներդրողներին։ Այսպիսով՝ օտարերկրյա ներրողների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ գնալով ավելի է աճում։ 2003 թվականից մինչ օրս 239 միլիարդ դոլարից ավելի միջազգային ուղղակի ներդրումներ ունեցած պետություն ենք ու վերջին 16 տարվա ընթացքում կենտրոնական ու արեւելյան Եվրոպայում միջազգային ուղղակի ներդրումների քանակով երկրորդ տեղն ենք զբաղեցնում։ Սա վկայում է Թուրքիայի հանդեպ եղած մեծ վստահության մասին»։
«Շատ կարեւոր է, որ Թուրքիայի ու ԱՄԷ-ի հարաբերությունները բարձրացվեն իրենց արժանի մակարդակին, ու այս հարցում երկու երկրների ղեկավարների խնդիրն է ստեղծել պայմանագրային հիմքեր առեւտրի, պաշտպանության, տուրիզմի, էներգետիկայի, փոխադրումների ու մնացած այլ ոլորտներում հարաբերություններն ավելի ամրացնելու ու զարգացնելու համար»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը