ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձեւ, որով Կալիֆոռնիայի եւ Սյունիքի մարզի միջեւ հաստատվում են նահանգային-մարզային հարաբերություններ։ Այլ խոսքով՝ Սյունիքն ու Կալիֆոռնիան դառնում են քույր նահանգ-մարզ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը (որն արդեն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը) «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին էր այս բանաձեւը հավանության արժանացել Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայում: Իսկ այս տարվա փետրվարի 10-ից այն արդեն ուժի մեջ մտած փաստաթուղթ է: Բանաձեւը համահեղինակել են Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամներ Քրիս Հոլդենն ու Ադրին Նազարյանը, սակայն, ըստ Արմեն Բայբուրդյանի, այն ստացել է Ասամբլեայի գրեթե բոլոր անդամների, նաեւ Սենատի անդամների աջակցությունը, մասնավորապես սենատոր Էնթոնի Պորտանտինոյի խոսքն է մեջբերվում այս առիթով. «Կարեւոր է, որ, հաշվի առնելով սահմանի վրա թուրքերի եւ ադրբեջանցիների ագրեսիան, Կալիֆոռնիան դեմ է արտահայտվում խաղաղ ժողովրդի դեմ սանձազերծված այս սարսափելի բռնություններին եւ ցույց տալիս, որ մենք համերաշխ ենք, նաեւ մեր սերն ենք արտահայտում Սյունիքի ժողովրդի եւ հայ ժողովրդի հանդեպ՝ թե՛ այստեղ՝ Կալիֆոռնիայում, թե՛ Հայաստանում ու Արցախում»:
Բանաձեւն ընդունելուց առաջ անցել է երկարատեւ քննարկումների փուլ, մշակման եւ ընդունման հարցում դեր է ունեցել նաեւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը, եւ ինչպես հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն է ասում, շատ ջանքեր են գործադրվել Հայաստանի հետ հարաբերությունները Սյունիքի խողովակով առավել ամրապնդելու ուղղությամբ: «Այս բանաձեւը ռազմավարական բնույթ է կրում. նախ, այն ի լուր աշխարհի հռչակում է, որ Կալիֆոռնիան՝ Միացյալ Նահագների ամենահզոր նահանգը, որն ունի մեծաթիվ հայկական համայնք (ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը), հանձնառություն է ստանում աջակցելու Սյունիքին՝ Հայաստանի հարավային, ռազմավարական մարզին: Երկրորդը, այս բանաձեւով նաեւ ի լուր աշխարհի հայտարարվում է Սյունիքի կարեւորության մասին,- «Ալիք Մեդիա»-ին ասում է դիվանագսետը:
Բանաձեւի ընդունմանը հաջորդելու են գործնական քայլեր՝ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի մեջ ներառվելու են Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի, նահանգի հայ համայնքի, գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, նաեւ Սյունիքի մարզից են լինելու աշխատանքային այդ խմբում: Ի դեպ, Սյունիքի մարզպետարանից, մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ մարզպետարանը դեռեւս տեղյակ չէ աշխատանքային խմբից, սպասում են արտաքին գործերի նախարարության քայլերին՝ այդ կառույցն է այս պահին զբաղվում Սյունիք-Կալիֆոռնիայի հարցերով:
Արմեն Բայբուրդյանը նշում է, որ բանաձեւոմ հստակ ամրագրված են համագործակցության երեք ուղիներ՝ մշակույթ, տնտեսություն, կրթություն: Արդեն մեկնարկած եւ հաջողություն ունեցած որոշ ծրագրեր կարող են շարունակվել քույր նահանգ-մարզ տրամաբանության շրջանակներում: Այդպիսիներից, ըստ մեր զրուցակցի, կարող է լինել օրինակ «Հայ Հոփս» ծրագիրը, որը մեկնարկել է 44-օրյա պատերազմի օրերին եւ Կալիֆոռնիայից հեռավար ուսուցում է անցկացվել Սյունիքում հանգրվանած արցախցի դպրոցականների համար: Հյուպատոսը կարեւորում է բանաձեւում ամրագրված հատկապես կրթական համագործակցության բաղադրիչը. հնարավոր է, օրինակ, որ Կալիֆոռնիայից ուսուցիչներ ուղարկվեն Սյունիք, տեխնիկական աջակցություն տրամադրվի այդ ոլորտին եւ այդ ամենը՝ պետական աջակցությամբ:
Արմեն Բայբուրդյանը վստահ է, որ բանաձեւը խթանելու է նաեւ ներդրումները եւ դա, ըստ նրա, այս փաստաթղթի անուղղակի նպատակն է:
Բանաձեւի համահեղինակ Քրիս Հոլդենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Սյունիքը հայերի կողմից բնութագրվում է որպես Հայաստանի ողնաշար, քանի որ այն էական նշանակություն ունի հարավից ապրանքներ ներմուծելու եւ արտահանելու համար: Նույն հաղորդագրությունը նաեւ հայտնում է, որ Սյունիքում է գտնվում հայկական Սթոունհենջը, որը թվագրվում է բրոնզի դարով եւ ունի յոթ հազար տարվա վաղեմության ժայռապատկերներ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։