ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 15-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցերը։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։
«Զրուցակիցներն ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը եւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով մեխանիզմների ձեւավորումը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Քննարկվել է նաեւ ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը: