Արցախի դատախազությունից հայտնել են, որ փետրվարի 15-ին՝ 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարեւանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ:
Հակառակորդի կրակոցների հետեւանքով խոցվել է տրակտորը, քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
Արցախի դատախազության հայտարարությունում մասնավորապես ասած է, որ Արցախի քաղաքացիներին ձերբակալելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն Ադրբեջանի դատախազությունը լավ կաներ նվազագույն միջոցներ ձեռնարկեր Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու եւ նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ըստ հայտարարության՝ դա ոչ միայն խաղաղության ձգտող երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն փետրվարի 15-ին դարձյալ ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին եւ 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։