Ըստ հունական ԱՄՆԱ գործակալության՝ Հունաստանի խորհրդարանը քվեարկել է «Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծի օգտին, որով հավանություն է տալիս ֆրանսիական վեց Rafale կործանիչների, երեք պահակային ծառայության Belharra ռազմանավ, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել է օրինագիծը:
Իշխող «Նոր դեմոկրատիա»-ից բացի՝ հայեցակարգի օգտին քվեարկել են «Հանուն փոփոխության շարժումը» (ԿԻՆԱԼ) եւ «Հունաստանի որոշումը» կուսակցությունը: ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ձեռնպահ է մնացել: Հունաստանի կոմունիստական կուսակցությունն ու ՄԵՐԱ25 կուսակցությունը դեմ են քվեարկել:
Օրինագծի քննարկումը տեւել է 13 ժամ: Քննարկումների ընթացքում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024-ի վերջը, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025-ին: Դրանից առաջ Հունաստանը համաձայնագիր էր ստորագրել Rafale 18 կործանիչներ գնելու վերաբերյալ, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան: Օրինագծի համաձայն՝ պահակային ծառայության երեք ռազմանավը Հունաստանի բյուջեի վրա կարժենա 3,237 միլիարդ եվրո։