Ըստ The Washington Post պարբերականի՝ Microsoft կորպորացիան Ուկրաինայի կառավարության համար կառավարական կայքերի հունվարյան կիբերհարձակումից հետո կապի անվտանգ ալիք է մշակել, որը կարող է օգտակար լինել կառավարության, ինչպես նաեւ ճգնաժամային ենթակառուցվածքների համար։
Ընկերության ներկայացուցիչ Թոմ Բըրթը հայտնել է, որ Microsoft-ն օգնում է Կիեւին մեղմելու կիբերհարձակման հետեւանքները, սակայն դա հեռավար եղանակով իրականացնելը բավական դժվար էր: Բանն այն է, որ կիբերհարձակման պահին կառավարական համակարգերը համեմատաբար քիչ քանակությամբ են միացված եղել ամպային կրիչներին։
Նախօրեին հայտնի դարձավ Ուկրաինայի պաշտպանության նախարարության, զինված ուժերի եւ այլ կառավարական ենթակառուցվածքների՝ հզոր կիբերհարձակման հետեւանքով պաշտոնական կայքէջերի դադարեցման մասին։
Ավելի վաղ ուկրաինական գերատեսչությունների ցանցային կիբերհարձակումը Արեւմուտքը կապում էր ռուսական հաքերների հետ։