Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները կուսակցության ընդհանուր ժողովի ժամանակ անդրադարձել է երկրում տիրող տնտեսական ու քաղաքական ճգնաժամին, հայտնում է «Habertürk» օրաթերթը։
Խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների միասնական հանդես գալու մասին՝ Աքշեները նշել է․ «Նախորդ շաբաթ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուի հետ հանդիպումը դարձավ երկրում քննարկվող կարեւոր թեմաներից մեկը։ Պատճառն ակնհայտ է․ մեր ժողովուրդը ցանկանում է ընդհանուր մտածող քաղաքական գործիչների տեսնել։ «Ես եմ արել» խոսքից հոգնած մեր ժողովուրդը տեսնում է խորհրդակցությունների մշակույթի կարեւորությունն ու պահանջում է որոշումների կայացման այդպիսի մոդել։ Շատ կարեւոր է 6 կուսակցությունների միասնականությունը, թեկուզ նրանց միջեւ կան կառուցվածքային ու գաղափարական տարբերություններ։ «Լավ» կուսակցությունը սա համարում է դրական գործընթացի սկիզբ»։
Ընդդիմադիր կուսակցության նախագահը անդրադարձել է նաեւ իշխող կուսակցության ու Էրդողանի գործունեւթյանը՝ նշելով, որ վերջին շրջանում իշխանությունները սխալը սխալի հետեւից են թույլ տալիս ու ակնհայտորեն իրենց վերջին ճիգերն են գործադրում․ «Արդեն գիտենք, որ ցանկացած բարդ իրավիճակում ստերի դիմող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն (ԱԶԿ՝ Թուրքիայում իշխող կուսակցություն) արդեն ոչ մի արդարացում չունի։ Նախագահ Էրդողանն ամեն ամիս ասում է, որ հաջորդ ամիսը նախորդից ավելի լավն է լինելու»։
«Ուրեմն, նշանակում է, հարգելի Էրդողանը ակնկալվող ընտրությունների արդյունքներն արդեն գիտի։ Շնորհավորում եմ նրան, որ թեկուզ ուշացումով, բայց գլխի է ընկել։ Բայց անգամ սա արդեն երկնքից եկող սուրբ որոշումն ի վիճակի չի լինի փոխելու։ Արդեն շատ ուշ է, ստերի պիտանելիության ժամկետն արդեն լրացել է, ստախոսների համար երեկոյան աղոթքի ժամն է հասել»,-իր խոսքում նշել է Աքշեները։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը