Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ կատարած այցից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Sabah» օրաթերթը։ Զրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերին։
Խոսելով ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի՝ «Անցում հզորացված պառլամենտական համակարգի» ծրագրի մասին՝ Էրդողանն ասել է․ «Նախ՝ կառավարման անցումը նախագահական համակարգին մեր ժողովուրդն է բերել։ Սա չընդունող մարդիկ առաջին հերթին անհարգալից են վերաբերվում ժողովրդի կամքի նկատմամբ։ Ինչո՞ւ են ընդդիմադիրները որոշել հենց փետրվարի 28-ին հայտարարությամբ հանդես գալ․ դա էլ է տարօրինակ։ Դեռ շատ կհավաքվեն, բայց սրանցից բան դուրս չի գա։ Ժամանակ առ ժամանակ տնտեսության վերաբերյալ սուտ-սուտ լուրեր են տարածում, բայց մենք թույլ չենք տա մեր քաղաքացիներին որեւէ հարցում ճնշվել։ Թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ առկա մյուս հարցերով մենք հաստատակամ քայլեր ենք ձեռնարկում»։
Լրագրողների հետ զրույցում Էրդողանը խոսել է նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականությունից՝ նշելով, որ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները սկսել են դրական զարգացում ապրել, Սաուդյան Արաբիայի հետ արդյունավետ երկխոսությունը շարունակվում է։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ակնկալվող այցի վերաբերյալ Թուրքիայի նախագահն ասել է, որ այցը երկարատեւ դադարից հետո Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերահաստատման տեսանկյունից կարեւոր իրադարձություն է լինելու։
Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի վերաբերյալ Էդողանն իր խոսքում նշել է հետեւյալը․ «Հարգելի Զելենսկիի հետ մեր հանդիպման ժամանակ նա դրական արձագանքեց «Պուտին, Զելենսկի, Էրդողան» եռակողմ հանդիպման գաղափարին։ Եթե հարգելի Պուտինը եւս դրական արձագանքի, հանդիպումը կիրականացնենք կա՛մ Ստամբուլում, կա՛մ Անկարայում։ Մեր հաջորդ հեռախոսազրույցի ժամանակ ես անձամբ նրանից կճշտեմ իր կարծիքը։ Եվ իսկապես, տարածաշրջանում նոր պատերազմի սկիզբը ընդհանրապես տեղին չի լինի»։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը