ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը իր ելույթում հայտարարել է․ «Դիմում եմ Ռուսաստանի քաղաքացիներին, դուք մեր թշնամիները չեք»: Բայդենը հավելել է, որ չի հավատում, որ Ռուսաստանն ուզում է Ուկրաինայի հետ պատերազմել:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն եւ մտադիր չեն տեղակայելու նաեւ հետագայում: Նա հստակեցրել է նաեւ, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկելու Ուկրաինա, եթե երկրում ռազմական գործողություններ սկսվեն, սակայն կշարունակի զորավարժություններ անցկացնել դաշնակիցների եւ գործընկերների հետ:
Ըստ Բայդենի՝ ԱՄՆ-ը համակարծիք է Ռուսաստանի հետ, որ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական ջանքերը Եվրոպայում անվտանգային հարցերի շուրջ։ «Սակայն ԱՄՆ-ը զիջումների չի գնա այն հարցում, որ երկրներն ազատ են ընտրելու՝ ինչ դաշինքների են ցանկանում անդամակցել»,- նշել է Ջո Բայդենը։
Կրեմլի արձագանքը Բայդենի ուղերձին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ռուսներն ամերիկացիների թշնամիները չեն» խոսքերը։ Սակայն, ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի, Բայդենի ուղերձը ռուս ժողովրդին ավելի տպավորիչ կլիներ առանց Ռուսաստանի հասցեին սպառնալիքների։
Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահի ելույթն ավելի տպավորիչ կլիներ, եթե Բայդենը ուղերձով դիմեր նաեւ ուկրաինացի ժողովրդին եւ երկու ժողովուրդներին հորդորեր երբեք չկրակել միմյանց վրա։