The Washington Post պարբերականը, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին, հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի ռազմական, էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական եւ այլ կարեւոր համակարգչային ցանցերի վրա հաքերային հարձակումների համար։
Ըստ ամերիկյան կողմի՝ փետրվարի 15-ի երեկոյան Ուկրաինայի կառավարության, պաշտպանության նախարարության, զինված ուժերի եւ այլ կառավարական ենթակառուցվածքների, ինչպես նաեւ բանկային համակարգերի աշխատանքի խափանումը պայմանավորված է հաքերային հզոր հարձակումներով։
Հունվարի վերջին էլ Ուկրաինայի Ռազմավարական հաղորդակցությունների եւ տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնել էր տեղական դատարանների կայքերի վրա զանգվածային կիբերհարձակումների մասին։
Հակառակ Ռուսաստանին ուղղված ԱՄՆ մեղադրանքներին՝ Ուկրաինայի իրավապահ մարմինները չեն կարողացել բացահայտել հաքերների ինքնությունը։
Ավելի վաղ The Washington Post պարբերականը հայտնել էր, որ ամերիկյան Microsoft կորպորացիան Ուկրաինայի կառավարության համար կառավարական կայքերի հունվարյան կիբերհարձակումից հետո կապի անվտանգ ալիք է մշակել, որը կարող է օգտակար լինել կառավարության, ինչպես նաեւ ճգնաժամային ենթակառուցվածքների համար։