Ըստ ամերիկյան Associated Press գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հանդես գալ Կոնգրեսում՝ խնդրելով հավանություն տալ երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով լրացուցիչ 30 միլիարդ դոլարի հատկացմանը:
17,9 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել պատվաստանյութերի եւ բուժման, 4,9 միլիարդ դոլարը՝ թեստավորման, 3 միլիարդ դոլարը՝ չապահովագրված մարդկանց կորոնավիրուսից բուժելու եւ 3,7 միլիարդ դոլարը՝ հեռանկարում վիրուսի նոր տարատեսակների հնարավոր հայտնվելուն նախապատրաստվելու վրա:
Associated Press-ը նշել է, թե առայժմ հստակ հայտնի չէ՝ լրացուցիչ ֆինանսավորման պահանջն ինչպես կընդունեն Կոնգրեսում:
Եթե հանրապետականները ձգտում են հիմնական միջոցներն ուղղելու երկրի ներսում վիրուսի տարածման դեմ պայքարին, մասնավորապես ձեռնարկություններին օգնելուն, դեմոկրատ առաջադիմականները հանդես են գալիս աղքատ երկրներին պատվաստվելու գործում օգնություն ցուցաբերելու նպատակով լրացուցիչ ջանքերի օգտին: