«Դադարե՛ք Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանության մաս լինելուց», «ՅՈՒՆԵՍԿO՛, քո լռությունը հավասար է մշակութային ցեղասպանությանը սատարելուն». այս եւ նման այլ կոչերով «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը մի շարք այլ կազմակերպությունների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակի դիմաց:
Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր կհանդիպեն ՄԱԿ–ի նորանշանակ ներկայացուցչի հետ՝ բարձրացնելով մտահոգիչ հարցերը: Դրանք վերաբերում են 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացմանը:
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանն ասում է՝ Ադրբեջանը շարունակում է իրականացնել Արցախի մշակութային ժառանգության վերացման, հուշարձանների հայկականության, հայկական պատկանելիության պատմագիտական հիմքերի նենգափոխման եւ Արցախում հայկական հետքը ջնջելու իր ծրագիրը:
Գայանե Աբրահամյանը հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի Հաագայի դատարանի որոշումը հստակ պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտների դեմ։
Մինչդեռ Բաքուն, ըստ նրա, շարունակում է կոպտորեն խախտել դատարանի որոշումը՝ անցնելով սանձարձակ գործողությունների եւ հրապարակայնորեն հայտարարելով, որ ստեղծում է հանձնաժողով՝ քննարկելու Արցախի հայկական հուշարձանների պատկանելիության հարցը։
«Հաագայի դատարանը մեկ այլ միջանկյալ վճռով որոշում կայացրեց՝ նշելով, որ պետք է բացառել որեւէ գործողություն, որը կնպաստի հակամարտության լարվածությանը: Ստացվում է՝ իրենք մեծացնում են լարվածությունը, այսինքն՝ երկու կետով կոպտորեն խախտել են դատարանի որոշումը»,- ասում է ՀԿ-ի նախագահը:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, հատկապես ԱԳՆ-ն հնարավոր բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պետք է ներկայացնեն այդ խախտումները:
Նրանք պահանջում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների ու փաստահավաք խմբերի այց Արցախի գրավյալ տարածքներ: Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով Ադրբեջանը տեւական ժամանակ խոչընդոտում է փորձագետների այցելությունը։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում, փոխում է իր մարտավարությունը եւ խնդիրը տանում է այլ դաշտ՝ ըստ էության, իրեն դուրս բերելով իրավական դաշտից: Իրենք հիմա պնդում են, որ այն ժառանգությունը, որ մենք ունենք, հայկական չէ, ինչը բացարձակ լկտի սուտ է, որին մի օր հնարավոր է այլեւս չկարողանանք հակազդել: Մենք ունենք ամիսներ, եթե առաջիկայում սրա դեմ չպայքարեցինք, ուղղակիորեն կկորցնենք Արցախում հայկական հետքը»,- ասաց Գայանե Աբրահամյանը՝ հավելելով, որ հուշարձանների պահպանության գործում մեծ դեր պետք է ունենան ռուս խաղաղապահները: Այս պարագայում էլ, ըստ նրա, տեսնում ենք դիրքերի որոշակի զիջում:
«Տարիների մշակված քաղաքականություն է, տեսել ենք՝ նախիջեւանյան խաչքարերն ինչ ճակատագրի արժանացան, նույն քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է: Կարեւոր է ՄԱԿ-ի ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, բնականաբար, հստակ քաղաքականություն է իրականացվում նաեւ ներսում՝ ապահովագրելով Ադրբեջանի դիրքերը նման քաղաքականությունն անպատիժ կերպով իրականացնելու համար»,- ակցիայի նախաձեռնողներից Սեդա Գրիգորյանը պնդում է, որ սա միայն մշակութային հարց չէ, սա լուրջ քաղաքական հեռահար նպատակ ունի, որն ուղղակիորեն մեզ վերջնական զրկելն է Արցախի հանդեպ որեւէ հավակնություն ունենալուց:
Միջազգային կառույցների հայտարարությունները զսպիչ մեխանիզմներ են, վստահեցնում է Գայանե Աբրահամյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն իր մարտավարությունը փոխել է. եթե նախկինում պարզապես վերացնում, քանդում էր հուշարձանները, հիմա գուցե այլ՝ երկարաժամկետ կտրվածքով վտանգավոր գործողություններ է իրականացնում:
«Հիմա գոնե հուշարձանները չեն քանդում, ինչպես արվեց նախորդ տարի եկեղեցու դեպքում, ժամանակ կունենանք ինչ-որ տեղ բարձրաձայնելու եւ կանխելու այս գործողությունները»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։