ՀՀ բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում 2021-ին աճել է Point of Sale (POS) տերմինալների միջոցով ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումների ծավալը։
Ըստ Սարգսյանի՝ 2021-ին, 2020-ի համեմատ, բանկային քարտերով էլեկտրոնային գործարքների թիվն ավելացել է 84%-ով, իսկ դրանց ընդհանուր ծավալը՝ 56%-ով: Համացանցի միջոցով (հիմնականում փոքր գործարքների հաշվին) գործարքների քանակն աճել է մոտ 50%–ով, իսկ ծավալը՝ միայն 2,5%-ով:
2 միլիոն 703 հազար բանկային քարտեր
Ամենից շատ աճել է բանկոմատներով արված գործարքների ցուցանիշը՝ մոտ 60%-ով: POS տերմինալների միջոցով հաշվարկներն աճել են մոտ 15%-ով, ընդ որում՝ խանութներում, ռեստորաններում եւ սրճարաններում դրանք գնալով ավելանում են 2021-ին՝ ավելի քան 40%-ով: 8,3%-ով աճել է նաեւ բանկային քարտերի թիվը՝ կազմելով մոտավորապես 2 միլիոն 703 հազար:
Ըստ բանկերի միության նախագահի՝ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ թոշակառուների մի մասը 2022-ից սկսել է թոշակ ստանալ քարտերով: «Բայց միայն թոշակառուները չեն, որովհետեւ նրանք հիմնականում ArCa քարտեր են ստանում, աճել է Visa եւ Master քարտերի թիվը»,- նշել է Սարգսյանը։ Բանկային քարտերով գործարքների ծավալը 2021-ին կազմել է մոտ 4,3 տրիլիոն դրամ կամ մոտ 9 միլիարդ դոլար:
3 միլիոն 351 հազար բանկային հաշիվ
Բանկային քարտերի թվի աճը զգալի չափով կարող է պայմանավորված լինել աշխատավարձերի տրամադրման եւ ստվերային զբաղվածությունն օրինականացնելու հետ: 2021-ին, Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 659,5 հազարի, ինչը մոտ 37,6 հազարով շատ է 2020-ի ցուցանիշից։
2021-ին հանրապետության բանկային համակարգի հաճախորդների թիվն աճել է 3,1%-ով, իսկ բանկային հաշիվների թիվը կազմում է 3 միլիոն 351 հազար՝ հաշվի առնելով, որ մեկ հաճախորդը կարող է հաշիվ ունենալ մի քանի բանկերում: