Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության թեմային։ Արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին։
Երեկ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հրատապ հարցեր, որոնց թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Քննարկվել է նաեւ ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը: