Հակառակորդին հաղթելու համար զենքի ուժից բացի հարկավոր է նաեւ գիտելիք. պետք է լավ իմանալ հակառակորդի ոչ միայն ֆիզիկական ու մարտական, այլեւ հոգեբանական թուլությունները: Մարտունակ բանակի հիմքում ընկած են ոչ միայն զենքն ու զրահը, զինվորն ու հրամանատարը, այլև այն մարդիկ, որոնք պայքարում են գիտելիքի ուժով՝ ռազմական հոգեբանները:
Որքան սթրեսը շատ է, այնքան առավել շատ է հյուծվում անձի օրգանիզմը, այնքան նվազում է ադապտիվությունը, շատանում են կոնֆլիկտները, նվազում է գործունեության արդյունավետությունը: Իսկ եթե այն դիտարկում ենք զինվորական միջավայրում, ապա մի քանի անգամ շատանում են դրա քանակությունն ու ինտենսիվությունը:
Հետեւաբար զինվորական հոգեբանի դերն առավել մեծ արդիականություն եւ կարեւորություն է ունենում ոչ միայն խաղաղ պայմաններում, այլև հատկապես պատերազմական իրավիճակում եւ դրանից հետո: Հենց սա էլ դրդեց «Ստեղծագործ հոգեբանություն» կազմակերպության «Հոգեբանական ճամբարներ (Psychological Camp)» բաժնին կազմակերպել սեմինար՝ նախատեսված հոգեբանների, զինվորականների եւ ռազմական լրագրողների համար:
Մեզ հետ զրույցում սեմինարի դասընթացավար, «Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հոգեբանական հատուկ պատրաստվածության սկզբունքները» գրքի հեղինակ Գրիգորի Բադալյանն ասում է՝ պատերազմական իրավիճակն ապացուցեց, որ պետք է պատրաստ լինել արտակարգ դրության, իսկ ռազմարվեստում դա արվում է մի քանի ճանապարհով՝ ֆիզիկական, մասնագիտական եւ հոգեբանական: Հոգեբանական պատրաստվածությունը թույլ է տալիս արդյունավետ ու լիարժեք օգտագործել սեփական ռեսուրսներն ու անգամ սթրեսոգեն պայմաններում պատերազմում քիչ կորուստներով դուրս գալ:
«Ռազմական հոգեբանության ոլորտը երիտասարդ է եւ զարգանում է: Հարկավոր է համակարգայնորեն վերահսկել այն: Կան շատ լավ մասնագետներ, որ ցանկանում են մտնել այդ ոլորտ, բայց քանի որ շատերը տեղյակ չեն հոգեբանության անհրաժեշտության ու կարեւորության մասին, ոլորտը դեռեւս լիարժեք չի գործում: Մանավանդ մեր ժամանակներում, մեր հասարակության համար սա կարեւոր ոլորտ է»,- ասում է Բադալյանը:
«365 երիտասարդ հոգեբաններ» նախաձեռնության հիմնադիր Ալվինա Դավթյանը, որն իր թիմի անդամների հետ շատ է շփվել պատերազմի մասնակիցների հետ, ասում է, որ բազմաթիվ զինվորներ հրաժարվում են հոգեբաններից՝ ասելով՝ ամոթ է, իրենց դա պետք չէ:
Նրանք մտածում են, որ իրենք են իրենց հոգեբանն ու օգնության կարիք ամենեւին էլ չունեն: Սակայն հոգեբանի դերը կարեւոր է բոլորիս կյանքում:
Ալվինա Դավթյանը նաեւ անհրաժեշտ է համարում բանակում հոգեբանական աջակցության պարտադրված լինելու պայմանը, որովհետեւ այսօր ծառայության ընթացքում հոգեբանի հետ աշխատում եմ միայն այն զինվորները, որոնք իրենք են ցանկություն հայտնում:
Գրիգորի Բադալյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ զինվորական կենցաղը քաղաքացիականից տարբերվում է սթրեսոգեն պայմաններով, ինչի պատճառով հոգեբանական խորհրդատվության կարիք զինվորներն անպատճառ ունեն: Դրա համար պետք է ոչ թե լոկալ, այլ համակարգային մոտեցում ցուցաբերել:
«Հարկավոր է հոգեբանական հատուկ պատրաստվածության երեւույթը տարածել զինված ուժերում, որպեսզի բոլորն անցնեն այն, ու նաեւ հարկավոր է դարձնել դա մշակույթ»,- հավելում է Բադալյանը:
Մեր հերոսը՝ պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանը, որին 44-օրյա մարտերի ընթացքում ուղղաթիռով են հասցրել Երեւան՝ հոսպիտալ, հիշում է՝ ինչպես է մի քանի անգամ փրկվել մահից, հիշում է՝ ինչպես է սմերչն ընկել անմիջապես իր կողքը, ինչպես է սնայպերը կրակել իր ուղղությամբ ու բարեբախտաբար վրիպել:
«Վիրավորվեցի F15 ինքնաթիռի հարվածից, մարմինս ամբողջությամբ բեկորների մեջ էր՝ ոտքս, վիզս, որովայնս, բայց ընկերոջս հասցրի փրկել»,- հիշում է Տիգրանը, որ այսօր, չնայած ողնաշարում ունեցած բեկորին, ակտիվ աշխատում է, իսկ հոգեբանին դիմելու ցանկություն ամենեւին էլ չունի: Մարդն ինքն իրեն պետք է օգնի, կարծում է Տիգրանը:
Պատերազմի դժոխքի միջով անցած մեր զինվորների՝ հոգեբաններից խուսափելու պատճառները տարբեր են, կարծում է Գրիգորի Բադալյանը:
«Հիմնական պատճառներից մեկը հոգեբանի ինստիտուտը չպատկերացնելն է: Երկրորդ պատճառը սեփական խնդիրը չգիտակցելն ու չընդունելն է: Կա նաեւ եւս մեկ պատճառ. շատերը չեն ցանկանում կրկին անցնել այն ամենի միջով, ինչն ապրել են, ու ամեն կերպ դիմադրություն են ցույց տալիս:
Զինվորը, որը մասնակցել է պատերազմի, կարող է չգիտակցել, որ այն իր հետքն է թողել, բայց միեւնույնն է, հետքը կարտացոլվի նրա ինքնազգացողության ու շփման մեջ: Մարդ կարող է ինքն իրեն օգնել այն դեպքում, երբ ունի մասնագետի աջակցությունը»,- ասում է հոգեբանը:
Բադալյանը նաեւ խորհուրդ է տալիս հոգեբանական խորհրդատվություն անցնել պատերազմի մասնակիցների հարազատներին. նրանք լուրջ սթրեսի են ենթարկվել, ինչը անհետեւանք հիմնականում չի մնում:
Մեր հերոսի մայրը՝ Լուսինեն, սեփական փորձով փաստում է, որ այս պարագայում ծնողներն անգամ ավելի մեծ սթրես են ապրում, քան երեխաները: Հիշելով իր ապրումներն ու վախերը՝ Լուսինեն հասկանում է, որ լավ կլիներ հանդիպել հոգեբանի հետ, սակայն քանի որ տղան չի ցանկանում, ինքն էլ չի դիմում: