Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունների ծրագրերում ու նախընտրական խոստումներում կարեւոր տեղ է զբաղեցրել ծնելիության խթանման ու բնակչության ավելացման հարցը, սակայն ի հեճուկս այդ բոլոր հավաստիացումների՝ ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) վիճակը մեր երկրում աստիճանաբար վատացել է։ Պատճառները շատ են՝ սոցիալականից մինչեւ անվտանգային խնդիրներ՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը։
Հայաստանում ժողովրդագրական վիճակի դիտարկումը բաժանելով չորս մասի՝ ըստ ղեկավարների կառավարման շրջանների, պետք է ասել, որ մեր երկրում ծնելիությունը կտրուկ նվազել է անկախության առաջին իսկ տարիներից։ Ճիշտ է, մահերի քանակը կտրուկ չի ավելացել, բայց ծնելիության նվազման արդյունքում պակասել է նաեւ բնակչության բնական հավելաճը՝ ծնունդների ու մահերի տարբերությունը։
1991 թվականին Հայաստանում լույս աշխարհ է եկել 77 հազար 825 երեխա, մահացել 23 հազար 425 մարդ։ Այնուամենայնիվ, ծնունդների շատ լինելու շնորհիվ բնական հավելաճը եղել է բավականին բարձր՝ 54 հազար 400։ Այսինքն՝ այդ տարի ծնվածներն ավելի քան երեք անգամ շատ են եղել մահացածներից։ Սա անկախ Հայաստանի լավագույն ցուցանիշն է։ Հաջորդ իսկ տարում այս վիճակագրության մեջ տեղի է ունենում բացասական փոփոխություն՝ 70,6 հազար ծնունդ, 25,8 հազար մահ։
1992-1993 թվականներին, Արցախյան առաջին պատերազմով պայմանավորված, մահերի քանակը մի քանի հազարով ավելանում է, բայց հաջորդ տարի հրադադարից հետո նորից նվազում եւ հասնում է իր նախնական չափերին։ Բայց հրադադարը չի նպաստել, որ զուգահեռաբար ավելանան ծնունդները։ Հակառակը՝ ծնունդները շարունակել են կտրուկ նվազել, եւ, օրինակ, 1998-ին հասել 39,3 հազարի՝ գրեթե կրկնակի քիչ, քան անկախության առաջին տարում էր։
Հաջորդ տասնամյակում՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նույնպես այդ ցուցանիշներն անշեղորեն վատթարացել են՝ ծնելիությունը 2002-ին հասավ 32,2 հազարի։ Այդ նույն տարում մահերի քանակը 25,5 հազար էր, գրեթե նույնքան, որքան պատերազմի տարիներին։ Բնական հավելաճը, այն է՝ ծնվածները մահացածներից շատ էին ընդամենը 6,6 հազարով։ Սա մինչեւ 2020 թվականը՝ մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմն ու կորոնավիրուսի համավարակը, ամենացածր ցուցանիշն է, կարելի է ասել անկախության տարիների ժողովրդագրական ռեկորդը բացասական առումով։
Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հիմա էլ հպարտանում է, որ իր նախագահության ժամանակ Հայաստանն ունեցել է ամենաապահով շրջանը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության զարգացման առումով։ Ծանր պատերազմից հետո մեր երկիրը ոտքի էր կանգնում, այդ տարիների համար նոր պատերազմի հավանականությունը շատ ցածր էր, քանի որ Ադրբեջանն էլ էր վերականգնման փուլում։ Իսկ Հայաստանի տնտեսությունը 2002-2007 թվականներին ունեցավ երկնիշ`10-14 տոկոս աճ։ Քոչարյանը նաեւ հպարտանում է, որ իր կառավարման մի քանի տարիներին անգամ ներգաղթ է եղել։
Բայց արժի նաեւ ավելացնել, որ այդ դրական զարգացումները ոչ այնքան նախկին նախագահի կառավարման շնորհիվ են եղել, որքան տվյալ ժամանակաշրջանում առկա իրողությունների արդյունք են, որին, թերեւս, առանձին հրապարակումով կանդրադառնանք։ Պարզապես հետաքրքիրը, անգամ զարմանալին այն է, որ նման բարենպաստ պայմաններում ծնելիության ու բնական հավելաճի ցուցանիշները բարելավվելու փոխարեն ավելի են վատանում։ Հավանաբար պատճառը Քոչարյանի կառավարման տարիներին բնորոշ բռնությունները, ազատ խոսքի, գործողությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, խիստ ընտրովի արդարադատությունը, տնտեսության բեւեռացումն ու նման այլ երեւույթներն էին։
Ճիշտ է, այն տարիներին Հայաստանի տնտեսությունը որոշակի աճ ունեցավ, բայց այն չէր տարածվում բոլորի վրա։ Դրանից օգտվում էին միայն իշխանությունների հովանավորությունը վայելող փոքրաթիվ մարդիկ, որոնք միգուցե շատ երեխաներ էին ունենում, ինչպես Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը, բայց դա չէր նպաստում մեր երկրի ծնելիության ավելացմանը, քանի որ հազարավոր ընտանիքներ սոցիալական ու այլ խնդիրների պատճառով խուսափում էին բազմանդամ ընտանիք ունենալուց։
Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ծնելիությունը մի փոքր բարձրացավ ու 2010-ին հասավ մինչեւ 44,8 հազարի։ Այդ տարիներին ավելացել էին նաեւ մահերը՝ անգամ գերազանցելով Արցախյան առաջին պատերազմի տարիների ցուցանիշները՝ անցնելով 28 հազարը։ Բայց ի տարբերություն Քոչարյանի կառավարման շրջանի՝ Սերժ Սարգսյանի օրոք մի փոքր բարելավվեց նաեւ բնական հավելաճը՝ որոշ տարիների հասնելով 16-17 հազարի։
Հավանաբար դա էր պատճառը, որ Սարգսյանը 2017-ին նպատակ հռչակեց, որ մինչեւ 2050 թվականը մեր երկրի բնակչությունը պետք է ավելանա 1 միլիոնով եւ դառնա 4 միլիոն։
«Մի երկրում, որտեղ հարկային, ոստիկանական, քաղաքական տեռոր է տեղի ունենում, հնարավոր չէ, որ բնակչության թիվն աճի»,- 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում իր վարչապետության քննարկման ժամանակ հակադարձելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ի հեճուկս Փաշինյանի՝ հաջորդ իսկ տարում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, եւ Հայաստանում նվազեց ծնելիությունը, ավելացան մահերը։ Իսկ 2020-ին արդեն Արցախյան պատերազմի ու նորից քովիդի հետեւանքով էլ ավելացան մահերը՝ հասնելով 36,1 հազարի։ Անկախ Հայաստանի երեսուն տարիների ընթացքում մահերի այսպիսի մեծ թիվ չի եղել։ Այն մոտ 10 հազարով գերազանցում է միջին ցուցանիշը։ Ընդ որում՝ այդ տարի ծնվածների ու մահերի թիվը գրեթե հավասար էր, իսկ բնական հավելաճը ռեկորդային ցածր էր՝ ընդամենը 183։
Նիկոլ Փաշինյանն էլ, 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ ներկայացնելով մինչեւ 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները, հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը պետք է հասնի առնվազն 5 միլիոնի։
Մինչդեռ անցած տարի Հայաստանում ծնվել է 36 հազար 585 երեխա, մահացել 34 հազար 658 մարդ։ Բնական հավելաճը աղետալի ցածր է՝ 1927։ Այսինքն՝ բնակչության վերարտադրություն գրեթե չկա։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։