ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին: Ընդդիմադիր խմբակցությունն այս մասին հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ միջխորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցությունը նախորդ տարի կասեցրել էին իրենց պատգամավորների «ապօրինի կալանավորման» ու պատվիրակություններում ընդգրկված այլ ատգամավորների տեղաշարժի «ապօրինի սահմանափակումների» պատճառով:
Միայն թե, նկատենք, գործոնները, որոնք միջխորհրդարանական կազմակերպությունների աշխատանքները բոյկոտելու հիմք էին եղել, առ այսօր ամբողջությամբ չեն վերացել: Դա արձանագրված է նաեւ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ: Թեեւ պատգամավորներն ազատ են արձակվել, բայց ինչպես հայտարարության մեջ է նշված, «իշխանություններն ամեն կերպ ապօրինաբար կալանավորված են պահում նաև մեր Դաշինքի մի շարք անդամների»: Բացի այդ՝ հայտարարության մեջ նշված է, որ իշխանությունները շարունակում են պահպանել խմբակցության որոշ պատգամավորների տեղաշարժի «ապօրինի սահմանափակումները»: Պարզապես, քանի որ «պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է», «Հայաստան» խմբակցությունում փոխել են իրենց որոշումը:
Բառարաններում գեղեցիկ բառ կա՝ «փարիսեցիություն»: Այն մեկնաբանվում է որպես «երկերեսանիություն, կեղծավորություն»: Ու հիմա «Հայաստան» խմբակցության այս կես տարվա գործելաոճը, նրանց քայլերը հենց փարիսեցիություն են հիշեցնում:
Դատե՛ք ինքներդ. «Հայաստան» դաշինքը, հակառակ նախընտրական չափազանց կոշտ հռետորաբանությանը, խորհրդարանական ընտրություններից հետո վերցրեց պատգամավորական մանդատները՝ միաժամանակ կասկածի տակ դնելով ընտրությունների օրինականությունը:
Հետո ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առանց տատանվելու համաձայնեց ստանձնել ԱԺ փոխնախագահի եւ խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների՝ իրեն բաժին հասնող պաշտոնները: Ընդ որում՝ Իշխան Սաղաթելյանին քվեարկության միայն երրորդ փորձից հետո հաջողվեց զբաղեցնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը:
Եվ նրանք այդ պաշտոնները համաձայնեցին ստանձնել չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը կալանքի տակ էին: Ավելին՝ իրենց կալանավորված պատգամավորներից մեկին «Հայաստան» դաշինքը նույնիսկ ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել՝ պահանջելով, որ նրա համար էլ ընձեռեն նույն հավասար պայմանները, ինչ իշխանական թեկնածուին: Իշխանությունը բնականաբար չգնաց այդ քայլին՝ այդպես էլ հնարավորություն չտալով ԱԺ նախագահի ընդդիմադիր թեկնածուին գալ խորհրդարան, ելույթ ունենալ ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Ու այդքանից հետո ո՛չ ընկերների կալանքի տակ գտնվելը, ո՛չ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ կատարվածը չխանգարեցին, որ «Հայաստան» խմբակցությունը մասնակցի խորհրդարանական ղեկավար կազմի ընտրությանն ու զբաղեցնի այդ պաշտոնները: Մինչդեռ, եթե նրանք այն ժամանակ բոյկոտեին ԱԺ փոխնախագահի ընտրությունը եւ, օրինակ, թեկնածու չառաջադրեին, ապա իշխանություններն իսկապես կհայտնվեին փաստի առաջ. քաղաքական ճգնաժամ կստեղծվեր, եւ առանց ԱԺ երրորդ փոխնախագահին ընտրելու նոր ձեւավորված խորհրդարանը պարզապես չէր կարողանա սկսել իր աշխատանքները: Նույն կերպ ԱԺ-ն չէր կարողանա շարունակել աշխատանքները, եթե չընտրվեին բոլոր մշտական հանձնաժողովների նախագահները: Այնինչ «Հայաստան» խմբակցությունն իր մասնակցությամբ օգնեց իշխանություններին:
Հիմա «Հայաստան» խմբակցությունը նույն կեղծավոր կեցվածքը շարունակում է նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների աշխատանքների մասնակցության առումով:
Փոխարենը նրանք համառորեն բոյկոտելու են ԱԺ-ում Հանրապետության նախագահի ընտրությունը. արդեն հայտարարել են, որ որեւէ թեկնածու չեն առաջադրի ու ընտրություններին չեն մասնակցի: Եվ սա անում են՝ քաջ իմանալով, որ իշխանությունը, միեւնույնն է, երկրորդ փուլով կկարողանա ընտրել նախագահի իր թեկնածուին: Իսկ այն հանգամանքը, որ իշխանության՝ նախագահի թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, ողբերգություն չէ: Լավագույն դեպքում մի փոքր անհարմարություն կպատճառեն իշխանություններին՝ ստիպելով մեկ-երկու ժամ ավել աշխատել, եւ վերջ: Իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ շատ հանգիստ են վերաբերվում այս հարցին, անգամ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախագահի իրենց թեկնածուն հավանաբար երկրորդ փուլով կընտրվի:
«Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները: Բայց դե սա էլ մեծ խնդիր չէ, եթե չասենք, ընդհակառակը, իշխանության համար հրաշալի նվեր է. իշխանությունները, միեւնույնն է, ունեն հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար բավական քվորում, եւ հետո՝ ընդդիմության բացակայությունն իրենց կազատի լրացուցիչ գլխացավանքներից: Պատկերացնո՞ւմ եք, եթե պաշտոնյաները գային ու քննիչ հանձնաժողովում պատասխանեին ընդդիմության հարցերին: Կարող է շատ անհարմար իրավիճակներ ստեղծվեին: Բայց այդ բոյկոտով հիմա «Հայաստան» խմբակցությունն իշխանությունների համար հարմարավետ պայմաններ է ստեղծում:
Իսկ նկատեցի՞ք, որ «Հայաստան» խմբակցությունը զարմանալի զուգադիպությամբ կոշտ, «անկոտրում» դիրքորոշում է որդեգրում այն հարցերում, որտեղ կորցնելու ոչինչ չունեն, հատկապես ֆինանսական առումով:
Փոխարենը նրանք շատ «ճկուն են» այն հարցերում, որոնք կապված են պաշտոնների ու փողի հետ. ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները բավական բարձր աշխատավարձ են ստանում՝ չհաշված ծառայողական ավտոմեքենան, աշխատակազմը: Դե իսկ միջխորհրդարանական պատվիրակություններում ընդգրկվելը բյուջեի հաշվին ճամփորդությունների անսահման հնարավորություն է ստեղծում՝ չհաշված օրապահիկների համար հատկացվող գումարները, անձնական կապերը եւ այսպես շարունակ:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: