Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելը «երկիր-երկիր» դասի հրթիռներով գրոհել է Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտների վրա:
«Փետրվարի 16-ի երեկոյան՝ մոտ 11:35-ին (Երեւանի ժամանակով 01:35-ին), Իսրայելը օկուպացված Գոլանի բարձունքների տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռներով մի քանի հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող Զաքիա բնակավայրի շրջանի օբյեկտներին»,- ասված է հայտարարության մեջ:
Նախնական տվյալներով՝ Դամասկոսին զգալի նյութական վնաս է պատճառվել: Իսրայելը հրթիռակոծության փաստը պաշտոնապես չի հաստատել։ Սիրիայի օբյեկտներին հարվածներ հասցրած Իսրայելի զինվորականներն իրենց գործողությունները բացատրել են ժամանակակից սպառազինությունները թշնամիների ձեռքն ընկնել թույլ չտալու ձգտումով:
Առաջին հերթին խոսքը Բաշար Ասադի կողմում կռվող եւ Թեհրանից վերահսկվող լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է: Դամասկոսը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ Սիրիայի ինքնիշխանության պարբերական խախտումներին ուղղված գործողությունները դադարեցնելու հորդորով։