Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ի լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին:
Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրը ստորագրվել էր 2020-ի հոկտեմբերի 16-ին Նուր Սուլթանում՝ 1994-ի մարտի 28-ի համանման պայմանագրի փոխարեն:
Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Դարին Տույակովը խորհրդարանականներին հայտնել էր, որ պայմանագիրը ստորագրվել է երկու պետությունների միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացման եւ արդիականացման նպատակով, քանի որ 1994-ի պայմանագրի դրույթները, արդիականության իրողությունները հաշվի առնելով, ժամանակավրեպ են:
Պայմանագրի նորմերն ուղղված են զորքերի կիրառման համատեղ պլանավորմանը՝ ի շահ պետությունների անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման։
Երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը նաեւ այլ ուղղությունների շուրջ փոխգործակցություն է նախատեսում: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը ներկայացվել է պետության ղեկավարի ստորագրմանը։