ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում կան Արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացված մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն։
«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու»,– նշել է Ավանեսյանը։
Ըստ Ավանեսյանի՝ նույնականացված հարազատների կողմից չընդունված մասունքները պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցները շարունակում են աշխատանքներ տանել հարազատների հետ։
Նախարարը հավելել է, որ կան նաեւ մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, արխիվացված են ու պահպանվում են պետության կողմից։
«Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ Մենք 100–ից մի փոքր ավելի մասնունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, եւ այդ փուլը եւս ավարտվել է»,– հայտնեց Ավանեսյանը։
Այս պահին, ըստ Ավանեսյանի, կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է, եւ ներկայում հետազոտման մեջ որեւէ փորձանմուշ չկա։