Փետրվարի 27-ին Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է Հայաստանի առաջնությունը: Չնայած միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող մարզադահլիճին եւ մարզագույքին՝ հայ մարզիկները շարունակում են գրանցել փայլուն արդյունքներ ու վստահ քայերով գնալ դեպի իրենց երազանքը:
Եվրոպայի չեմպիոն, 2015 եւ 2016 թվականների աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության արծաթե եւ եռակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հիշում է, թե ինչպես էին մութ ու ցուրտ 90-ականներին այս մարզադահլիճում վառարան վառում, որ ձեռքերը գոնե մի քիչ տաքանան, ու կարողանան պարապել. «Շատ ցուրտ էր, շատ-շատ: Ինձ միշտ հարցնում են, թե ինչու եմ մարմնամարզության մեջ մասնագիտացել հենց նժույգի վրա, իսկ ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանում եմ՝ որովհետեւ վառարանը հենց դրանց կողքն էր դրված: Շատ դժվար էր այն ժամանակ, հիմա տարեցտարի լավանում է մեզ մոտ ամեն ինչ»:
Հարությունը հիշում է, թե որքան դժվար էր 90-ականներին մարզվել մի մարզագույքով, որը 20-30 տարով ավելի հին էր, քան մրցաշարերի մարզագույքը: Նա նշում է, որ այդ խնդիրը հիմա էլ կա, պարզապես արդեն մոտ 5 տարվա տարբերություն է մարզագույքերի միջև:
«Պետք է մարզագույքը նոր լինի, որ չառաջանա խնդիր, տարբերություն պարապմունքի եւ մրցումների միջեւ: Հիմա էլ կան գործիքներ, որոնք կա՛մ հին են, կա՛մ այլ մակնիշի: Իսկ շատ պետություններում եթե տեղեկանում են, որ օլիմպիական խաղերին ինչ-որ մակնիշի գործիք պետք է լինի, հենց դա են միանգամից ձեռք բերում: Հուսանք, որ այստեղ էլ կգա ժամանակ, որ մենք էլ մի օլիմպիական ցիկլից մինչև մյուս օլիմպիական ցիկլ պարբերաբար կփոխենք մեր մարզագույքը»,- ասում է նա:
Չնայած այս ամենին՝ շատ հայ մարզիկներ մրցումներից վերադառնում են մեդալներով: Հարությունը կարծում է, որ դա առաջին հերթին իր մարզիչների՝ Սոս Սարգսյանի եւ Հակոբ Սերոբյանի շնորհիվ է եւ իհարկե իր մեծ ցանկության:
Այս մարզադպրոցի սան, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի բազմակի մրցանակակիր, Միջազգային կարգի սպորտի վարպետ Վահագն Դավթյանը, որ այժմ նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության բաժնի պետն է, ասում է, թե ինչ խնդիրներ ունի այսօր մարզադպրոցը. « 90-ականներին շատ-շատ էին խնդիրները, դրանք կան մինչ օրս եւ կապված են մարզադահլիճի ու սպորտային պայմանների չափորոշիչների հետ: Մարմնամարզությունը բարդ ու վտանգավոր մարզաձեւ է, եւ անհրաժեշտ է մարզագույք, որը համապատասխան կլինի միջազգային չափորոշիչներին, եւ իհարկե, անհրաժեշտ է համապատասխան մարզադահլիճ, որն այսօր բացակայում է»:
Նա հավելում է, որ որոշ չափով մարզագույքը թարմացվել է, բայց դա կրկին անբավարար պայման է համարվում: Մարզագույքի հետ կապված մրցումներում միշտ են դժվարություններ լինում, բայց իրենց փորձի շնորհիվ մարզիկները այդ դժվարությունները հաղթահարում են: Այժմ առաջնային է մարզադպորցի հարցը, որովհետեւ այս պայմաններում նոր մարզագույք ունենալը նպատահարմար չէ, այն նման շենքում շատ արագ կփչանա:
Դեռ 2020 թվականին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Կառուցումից՝ 1969 թվականից մինչ օրս դպրոցը երբեւէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ:
Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է:
Վահագն Դավթյանն ասաց, որ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, պետք է ընտրվի ճարտարապետական մի կոնցեպտ, որ աշխատանքները սկսվեն: Մեկնարկը տրվել է: