Ահնիձորի հիմնական դպրոցը գյուղի անխախտ լռության եւ անդորրի մեջ միակ մարդաշատ վայրն է։ Մոտ 100 աշակերտի համար նախատեսված շենքում 16 երեխա է սովորում: Չնայած փոքր թվաքանակին՝ չկա դասարան, որ աշակերտ չունենա։ Ուսուցումը, սակայն, համակցված է։
Տաթեւ Խառատյանն անգլերեն եւ ռուսերեն է դասավանդում։ Ասում է՝ մեկ դասաժամի ընթացքում երկու ծրագրով են աշխատում։ Յուրաքանչյուր դասարանին հատկացվում է 22 րոպե, ինչի հետևանքով ծրագիրն, ըստ ուսուցչի, լիարժեք չի իրականանում։
Բայց սա ամենագլխավորը չէ, որ մտահոգում է հեռավոր գյուղի ուսուցիչներին։ Աշակերտների թիվն է տարեցտարի նվազում։ Մասնագետների պակաս չկա, շենքային պայմաններն էլ համապատասխանում են կրթության կազմակերպման ժամանակակից պահանջներին։ Տասնամյակներ շարունակ քանդված եւ չնորոգվող ճանապարհը, սակայն, երիտասարդ ընտանիքներին տանում է Ահնիձորից։ Իսկ եկողներ հիմնականում չկան։ Դպրոցի տասը ուսուցիչներից երկուսն են միայն, որ այստեղ մշտական աշխատանքի են գալիս Վանաձորից։
«14 տարի գնում-գալիս եմ այս ճանապարհներով։ Ճիշտ է՝ դժվար է, ցանկալի կլիներ, որ տրանսպորտ լիներ։ Կարծես թե չեն էլ ուզում լուծել էդ խնդիրը։ Անձնական տրանսպորտով ենք երթեւեկում, վերջերս են սկսել ճանապարհածախս տրամադրել, նախորդ տարիներին չի եղել»,- պատմում է Տաթեւ Խառատյանը։
Իսկ դպրոցի 35 տարվա դասվար Կատյա Քառյանն ասում է՝ այն, ինչ որ ունի ժամանակակից աշխարհը, ահնիձորցիները չունեն։
«Չունենք մի տրանսպորտ՝ մեզ մայրուղու հետ կապող, Թումանյան համայնքի հետ թեկուզեւ։ Էս չորս գյուղը ոչինչ չունի։ Չէ՞ որ մարդիկ են ապրում էստեղ։ Հիմնական խնդիրը ճանապարհն է եւ մեր սպասումները, որ կարծես անտեսված լինենք։ Ինչպես մեծ գրողն է ասում՝ մեծ աշխարհի մեր անկյունը կարծես մոռացված, անտեսված լինի»,- նեղսրտելով ասում է ուսուցչուհին։
Մաթեմատիկայի ուսուցիչ Իվան Քառյանն էլ գյուղի դատարկվելու հետևանքով դպրոցն է վտանգված տեսնում։
Ահնիձորցիների համար ցանկալի ուղղությունը մարզկենտրոն Վանաձորն է։ Շատերը չեն էլ սպասում, որ իրենց երեխան գյուղում ավարտի հիմնական կրթությունը, որովհետեւ դպրոցից դուրս այլ անելիք չկա։ Ճանապարհի պատճառով այստեղի երեխաների համար նաեւ Լոռու «Սմարթ» կենտրոնն է անհասանելի։ Իվան Քառյանն ասում է՝ եթե կարողանան երեխաներին գյուղի մուտքի մոտ հասցնել, ապա այնտեղից «Սմարթը» կիրականացնի նրանց տեղափոխումը։ Բայց շաբաթական երկու անգամ կանոնավոր կերպով 3-4 կմ գնալ-գալը նույնպես խնդիր է․ անձնական մեքենա բոլորը չունեն։
Ահնիձորի հիմնական դպրոցի իններորդցի Տիգրան Աբովյանը դպրոցն ավարտելուց հետո ուսումը Վանաձորում է շարունակելու։ Հետո մտադիր է վերադառնալ ու գյուղում որեւէ գործ հիմնելու, աշխատելու։
Գյուղը սիրող, գյուղին կպած ահնիձորցիները հեռանկար չեն տեսնում այստեղ, քանի դեռ մշտական զբաղմունք եւ աշխատանք չունեն։ Անասնապահությունն էլ երիտասարդների համար գրավիչ չէ, թեպետ դա է գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը։ Իսկ այլընտրանքի մասին չեն կարող մտածել այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ ճանապարհի խնդիրը։ Երիտասարդները հեռանում են՝ գյուղը թողնելով տարեցներին։
«15 չամուսնացած տղա ունենք, մի 4-5 աղջիկ ունենք չամուսնացած։ Պատկերացնո՞ւմ եք, դրանք բոլորն ընտանիքներ կազմեն եւ հաստատվեն մեր գյուղում։ Բայց դա անհնար է, քանի որ աշխատատեղ չկա։ Երիտասարդները բոլորը կարո՞ղ են անասնապահությամբ զբաղվել։ Ո՛չ իհարկե։ Ու գնում են հիմնականում Վանաձոր։ Ահնիձորցիները բոլորը երազում են Վանաձորում տուն ունենալ»,- ասում է դասվար Կատյա Քառյանը։
Սուսաննա Անտոնյանն էլ գյուղից վաղուց հեռացած ու Վանաձորում հաստատված իր տղայի ընտանիքի մասին է պատմում։
«Իմ թոռները լրիվ ընդի դասի են գնում, իմ տղեն գնացել ա ընդի վայեննի ա աշխատում, իրա գործի խաթեր, բայց որ նորմալ գործ ըլներ, ոչ մեկն էլա չէր գնա Ահնիձորից։ Մեր գյուղը շատ լավ գյուղ ա, Հրանտ Մաթեւոսյանի գյուղն ա, շատ գոված։ Գործի խաթեր լրիվ ջահելությունը գնում ա, որ իրանք իրանց գլուխը պահեն»,- եզրափակում է տիկին Սուսաննան։
Մինչդեռ գյուղում մարդիկ կան, որ ոչ մի պարագայում չեն պատրաստվում հեռանալու Ահնիձորից։ Դպրոցի ուսուցիչներից Իվան Քառյանն, օրինակ, անգամ աշխատանք չունենալու եւ աշխատավարձ չստանալու դեպքում, ասում է, չի լքի Ահնիձորը։
«Սա իմ գյուղն ա, ես էստեղ եմ ծնվել, էստեղ եմ մեծացել, սենց ասեմ՝ ես ուրիշ տեղ ոչինչ չեմ փնտրում»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։