Խորհրդային Միությունում այսպիսի «ավանդույթ» կար. մինչ որեւէ կարեւոր փաստաթուղթ (օրինակ՝ 1977 թվականի Բրեժնեւյան Սահմանադրությունը) ընդունելը դրա նախագիծը դրվում էր «համաժողովրդական քննարկման»։
Շատ հաճախ նման փաստաթղթերում միտումնավոր շտկումների տեղ էր թողնվում, որպեսզի հետո X կոլտնտեսության առաջավոր բանջարաբույծ Սարանջան Սարանջանովայի «առաջարկությամբ» այդ թերությունը շտկվի։ Պարզ է, որ այդ առաջարկությունները գրում էին նույն նախագծերի հեղինակները եւ Սարանջանի անունից հրապարակում «Պրավդայում» կամ «Իզվեստիայում»։
Հետո այդպես, բազմաթիվ կթվորուհիների, հովիվների, այգեգործների, խառատների, էլեկտրիկների, վարորդների եւ, անշուշտ, մտավորականների առաջարկություններ էին հրապարակվում կենտրոնական, հանրապետական եւ շրջանային թերթերում, աշխատավորական կոլեկտիվներում քննարկվում էր նախագիծը եւ «միահամուռ հավանության» արժանանում։
Իսկ համաժողովրդական քննարկման այս իմիտացիայի ավարտին ԽՄԿԿ Կենտկոմը, արձանագրելով «սովետական դեմոկրատիայի» փայլուն հաղթանակը, ներկայացնում էր թվեր այն մասին, որ աշխատավորական կոլեկտիվներից եւ անհատներից ստացվել է մի քանի հարյուր հազար առաջարկություն, որի Y տոկոսն ընդունվել է։ Արդեն հասկացաք, որ այդ տոկոսի մեջ նաեւ Սարանջան Սարանջանովայի առաջարկած փոփոխությունն էր։
Հիմա կասեք, թե ինչու եմ այսքան երկար-բարակ ներկայացնում խորհրդային դեմոկրատիայի իմիտացիան։
Շատ պարզ պատճառով։
Այն, ինչ հիմա ներկայացվում է իբրեւ ապագա սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված ինչ-որ խորհրդի աշխատանք, ինձ համարյա այս նույն գործընթացն է հիշեցնում։ Այն տարբերությամբ, որ այդ խորհրդում, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի նկարից ազնվության նոպաներ ունեցող մի անձ, «ժողովրդավարության» իմիտացիան ապահովում են արդեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ընդսմին, սա մեղադրանք չէ իմ գործընկերների հասցեին։ Ես, ընդհանրապես, ի տարբերություն շատերի, սովորություն չունեմ մեղադրելու որեւէ մեկին իր գործողությունների համար։ Դա իրենց ընտրությունն է, եւ իրենք են պատասխանատու դրա համար։ Դա իրենց ընտրությունն է, եւ հնարավոր է՝ նրանք ունեն իրենց մոտիվացիան կամ անկեղծորեն հավատում են, որ կարող են այդ խորհրդում ինչ-որ դեր ունենալ։
Ես պարզապես չեմ հասկանում նրանց եւ համոզված ասում եմ.
— Բարեկամնե՛րս, դուք ընդամենը, ցավոք, ժողովրդավարական ֆոն եք ստեղծում։ Անցած չորս տարին ցույց է տվել, որ այս իշխանության պայմաններում ամեն ինչ վճռվում է մեկ մարդու կամքով։ Նրա նախարարներն անգամ փողկապի գույնը չեն ընտրում առանց «հանճարեղ առաջնորդի» «դաբրոյի»։ Եվ ինչքան էլ ազնվության նոպաների սիրահարը գոռա, ճչա, հավաստիացնի, թե «…վարչապետը ոչ մի թաքուն հանձնարարական իր մտքի, պատկերացումների մասին գաղտնի բան ինձ չի ասել, չկա օրակարգ, որը վարչապետը գաղտնի ինձ տվել է, որ այստեղ լոբինգ անեմ», այդ հոգու պոռթկումը կամ հավաստիացումը նույն ազդեցությունն է ունենում, ինչ Փաշինյանի նկարին նայելուց ազնվանալու քծնական հայտարարությունը։ Այսինքն՝ դա նույնպես քծնելու շարքից է, եւ այդ հայտարարությունից անգամ եփած հավի ծիծաղն է գալիս։
Մասնակցելով այդ գործընթացին, հարգելի՛ բարեկամներս, դուք ընդամենը նպաստում եք փաշինյանական ապագա անձնիշխանության կերտմանը։
Իսկ որ այս իշխանությունը այդ ճանապարհն է ընտրել, պարզ ցույց են տալիս հետեւյալ գործընթացները. լրատվամիջոցների եւ խոսքի ազատությունն անընդհատ սահմանափակելուն միտված օրենքների ընդունումը, իսկ հիմա արդեն՝ նաեւ այն տխմարագույն միտումը, որ լրատվամիջոցներին ինքնակարգավորում պարտադրեն օրենքով։
Ձեր իսկ պահանջով ու ձեր իսկ ջատագոված «վեթինգի» անվան տակ ամբողջովին ներկա գործադիր իշխանությունից կախված դատական համակարգի ձեւավորումը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտության հետ չհաշտվելով՝ մարդկանց բանտ նետելը, իրենց հեղինակազուրկ թեկնածուին այս կամ այն համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը։ Ամեն չնչին առիթով այլախոհների համար իբրեւ խափանման միջոց կալանքը կիրառելը։ Ալենսիմոնյանական ախպերությանն ամեն ինչ, իսկ մնացածներին՝ «թզի կորիզ» գործունեությունը։
Շարունակե՞մ, թե՞ ինքներդ էլ արդեն մտքներումդ այլ նախանշաններ տեսաք։
Համոզված եմ, որ ՀԿ ներկայացուցիչներից ոմանք հետո իրենք են տեսնելու իրենց մասնակցության ողջ անիմաստությունն ու հայտարարությամբ դուրս են գալու այդ խորհրդից, այսուհանդերձ, պարտքս համարեցի նախազգուշացնել։
Բայց մեկ է, երբ բացարձակ անձնիշխանության ձգտողի երազած սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի, կամ էլ երբ նա կասի «ոչ մի բան էլ մի՛ փոխեք, հենա սաղ իշխանությունը ձեռքիս է», եւ կարկառուն իրավաբան նախարարը նրա նկարին նայելուց ազնվության հերթական նոպայի բռնկում կունենա եւ կհայտարարի, թե հանձնաժողովն է որոշել ոչինչ չփոխել, թմբկահարելու են, թե որոշումը կամ նախագիծը քննարկվել է «լայն ժողովրդավարական մասնակցություն ապահովելով»։
Այսինքն՝ ձեզ էլ են կարգելու համապատասխանատու։
Հ. Գ. Կառավարության փետրվարի 17-ի նիստում Փաշինյանը ԿԳՄՍ նախարարությանը միջոցներ հատկացնելու առիթով ասաց. «1-2 հուշարձանի հետ կապված, որոնք արդեն համարվում են վերականգնված, ես դիտողություններ եմ արել, հանձնարարականներ տվել եւ ակնկալում եմ, որ դրանք պատշաճ ձեւով եւ ժամկետներում կիրականացվեն»։ Հասկացա՞ք, թե ինչ է նշանակում անձնիշխանություն։ Երբ մարդն իրեն համարում է ամեն ինչից հասկացող միակ եւ գերագույն մասնագետ՝ լավագույն գրողը, լավագույն տնտեսագետը, կառավարիչը, հիմա էլ լավագույն էսթետը, որ հուշարձանի թերություններ է տեսնում։ Ահա թե ինչ իշխանության է ձգտում նա։ Բարին ընդ ձեզ, եթե կարծում եք, թե բարի գործ եք անում՝ մասնակցելով սահմանադրական փոփոխությունների քննարկումների իմիտացիային։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։