ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա դա ընտրությամբ պատերազմ կլինի, պատերազմ առանց առիթի կամ պատճառի»։ Այս պատերազմը, ի տարբերություն Երկրորդ համաշխարհայինի, ըստ Բայդենի, պատմական անհրաժեշտություն չի լինի, Ռուսաստանը կկատարի չարդարացված ընտրություն հօգուտ մահվան եւ կործանման։
Ռուսաստանն ունի ընտրություն չհարձակվելու, նա ահաբեկչության դեմ չի կռվում։ Այդպիսի ընտրություն ուներ Ամերիկան, երբ հարձակվեց Իրաքի վրա։ Այնտեղ չկար զանգվածային ոչնչացման զենք։ Եվ, ի հեճուկս ՄԱԿ-ի, ԱՄՆ-ը հարձակվեց։ Ի՞նչ շահեց աշխարհը եւ Իրաքն այդ հարձակումից, դժվար է ասել, թեպետ մի բռնապետ դադարեց իշխելուց։ Ի՞նչ կշահի Ռուսաստանը։ Հարձակվել նշանակում է արդեն իսկ ունենալ հաղթանակի պլան։ Եթե չես հարձակվում, ուրեմն չունես։
Երբ Բայդենն ասում է, որ Ուկրաինայի վրա հարձակումը կլինի Ռուսաստանի ընտրությունը, կարծում եմ՝ ավելի հեռուն գնացող բան է ասում։ Նախ նա ասում է, որ այս պատերազմը հաղթողներ չի ունենա, բայց պարտվող կլինի Ռուսաստանը, քանի որ պատերազմից բացի՝ նա ուրիշ ասելիք չունի։
Չպատերազմողներն ունեն դիվանագիտական հազար ու մի լեզու, պատերազմի լեզուն մեկն է։ Եթե Ռուսաստանը պատերազմում է, ուրեմն նրա լեզուն այդ մեկն է, Ռուսաստանը կդառնա ամբողջ աշխարհի թիվ մեկ սպառնալիքը, ու հետեւաբար ամբողջ աշխարհը պիտի համախմբվի նրա դեմ, ու այստեղ ՆԱՏՕ-ի անդամ լինելը կամ ՆԱՏՕ-ին հակառակորդ լինելը կապ չունի։
Բայդենն ասում է, որ պատերազմի օգտին Ռուսաստանի կատարած ընտրությունը կլինի ընդդեմ ամբողջ աշխարհի։
Բայց մի հարց բաց է մնում՝ ո՞րն է հարձակման այլընտրանքը, եթե իմ՝ Ռուսաստանի կռիվը Ուկրաինայի ՆԱՏՕ-ացման դեմ է, եւ եթե Ուկրաինան այդ կուրսից կես սանտիմետր չի ուզում նահանջել։ Արեւմուտքը Ռուսաստանին ասում է՝ այլընտրանքը քո ժողովրդավարացումն է, կայսերական ծրագրերից նահանջելը։
Երբ Բայդենը խոսում է ընտրությունից, հասկացնում է, որ այն ժողովրդավարության եզրույթ է, եւ Ռուսաստանն ունի ընտրություն։ Ըստ Արեւմուտքի՝ ժողովրդավարական Ռուսաստանը ՆԱՏՕ-ից վախենալու բան չունի, նա արդեն իսկ կմտնի եվրոպական քաղաքակրթական արժեքների տիրույթ, որի մարտահրավերները կլինեն ամբողջ Արեւմուտքի մարտահրավերները, գազը կդադարի շանտաժի գործիք լինելուց, Չինաստանը կհայտնվի մեկուսացման մեջ ու գուցե իր հերթին կանգնի ընտրության առաջ՝ միանալ համաշխարհային ժողովրդավարացմա՞նը, թե՞ «իրիկունները թեյ խմել Հյուսիսային Կորեայի հետ»։
Ռուսաստանի ժողովրդավարությունը Արեւմուտքի համար սոսկ այդ հսկա երկրի ժողովրդավարացում չէ, այն նաեւ բռնապետական երկրների միջուկային տերություն դառնալու ախորժակի զսպում է։ Բայդենը այս ամենն ասում է ի լուր աշխարհի։ Հնարավոր է, որ արդեն Ռուսաստանի հետ որոշ հարցերում ունի փոխըմբռնում։ Առաջիկայում կերեւա։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: