Օրերս հրապարակվեց միջազգային հեղինակավոր Heritage հիմնադրամի՝ տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ 2022 թվականի տարեկան զեկույցը: Հայաստանը 65.3 միավորով դասվել է չափավոր ազատ՝ 177 երկրների շարքում զբաղեցնելով 58-րդ տեղը:
Նախորդ տարիների համեմատ Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչով հետընթաց է գրանցել 6,6 կետով: 2021-ին Հայաստանը 32-րդ տեղում էր՝ 71.9 միավորով, հիմա փաստորեն՝ 58-րդը: Համեմատության համար նշենք, որ սա 2015 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշն է Հայաստանի համար. 2015-ին Հայաստանը զբաղեցրել էր 52, իսկ 2016-ին՝ 54-րդ տեղերը:
Տնտեսական ազատությունների միավորները ստացվում են չորս հիմնական ոլորտների ուսումնասիրություններից՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն և ազատ շուկա։
Ըստ հրապարակված ցուցիչների՝ Հայաստանում առաջընթաց արձանագրվել է միայն երկու ուղղություններով՝ կառավարման ամբողջականության և ֆինանսների ազատության առումով, իսկ ահա ութ ուղղություններում ցուցիչների անկում է արձանագրվել: Զեկույցում ամենացածր միավորները տրված են դատական համակարգի արդյունավետությանը, իսկ ֆինանսական և ներդրումների ազատությունները մնացել են նույն մակարդակի վրա։
Heritage հիմնադրամի զեկույցում Հայաստանի նահանջի մասին իշխանությունները գերադասում են առանձնապես շատ չխոսել: Այս թեմային որեւէ անդրադարձ չեղավ կառավարության երեկվա նիստում, թեեւ տնտեսական բնույթի տարբեր հարցեր քննարկվեցին: Անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո չեկավ լրագրողների հետ ճեպազրույցի, ինչպես անում է սովորաբար:
Միայն ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն է ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել Heritage հիմնադրամի զեկույցին՝ արձանագրելով, որ տնտեսական ազատության ինդեքսում ետընթաց արձանագրել են ԵԱՏՄ բոլոր երկրները:
Heritage հիմնադրամի զեկույցի վերաբերյալ լռությունն ավելի նկատելի է մեկ այլ իրողության ֆոնին: 2020 թվականի ապրիլին «Տնտեսական ազատության ինդեքսով» Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել էր դիրքերը 13 կետով՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, Նիկոլ Փաշինյանը շտապել էր ազդարարել. «Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը: …Ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում»: Եվ իշխանությունները մի քանի օր շարունակ խոսում էին այդ թեմայով:
Հիմա, փաստորեն, չկա նախկին էնտուզիազմը: Չկան մեկնաբանություններ: Այնինչ հատկապես հիմա էր հետաքրքիր այդ մեկնաբանությունները լսելը, քանի որ գլխավոր խնդիրն առնչվում է դատական համակարգի արդյունավետությանը: Համակարգ, որի բարեփոխման դեմ պայքարում են արդեն տեւական ժամանակ, բայց միեւնույնն է, չկա առաջընթաց: Համակարգ, որից այսօր նույնքան դժգոհ են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը՝ միմյանց մեղադրելով դատարանների վրա ապօրինի ազդեցություններ գործելու, համակարգը քաղաքականացնելու, համակարգն իրենց շահերին ծառայեցնելու փորձերի համար:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: