Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը հայտնել է, որ Հայաստանում 2022-ի մարտի 15-ից հանրային սննդի բոլոր, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում, ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը կարգելվի։
ԱԺ ընդունած օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից: Որոշ դրույթներ էլ ուժի մեջ են մտնում աստիճանաբար։
Օրենքը խախտած՝ ծխախոտ օգտագործող քաղաքացու տուգանքը կկազմի 50 հազար դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 հազար դրամ:
Ծխախոտի օգտագործումը, բացի սննդի կետերից, կարգելվի նաեւ որոշ բաց հանրային տարածքներում, մասնավորապես մանկական պուրակներում, կանգառների ծածկերի տակ եւ եւս մի քանի նման վայրերում, որտեղ կան մարդկանց կուտակումներ եւ կարող է լինել երկրորդային ծխի ազդեցություն:
Ըստ Մնացականյանի՝ հետազոտությունները վկայում են, որ ծխախոտի ցուցադրության արգելքն անգամ մինչեւ 83%-ով նվազեցնում է դեռահասների վրա ծխախոտի գովազդի ազդեցությունը։