Ըստ թուրքական Sabah օրաթերթի՝ փետրվարի 17-ին Թուրքիայում նախագահ Էրդողանի մասնակցությամբ կայացած կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի արժեքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ տարեսկզբին սղաճի հետեւանքով Թուրքիայում էլեկտրաէներգիայի արժեքը կտրուկ բարձրացել էր, ինչը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում։ Եվ քանի որ թանկացումից մեծապես տուժում էին միջին ու ցածր աշխատավարձ ստացող բնակիչների խավն ու փոքր ձեռներեցները, ընդդիմության՝ հարցի բարձրաձայնումից հետո նախագահ Էրդողանը խոստացել էր կառավարության նիստի ժամանակ հարցին որեւէ լուծում տալ։
Ըստ կառավարության որոշման՝ Թուրքիայի բնակիչների համար էլեկտրաէներգիայի թանկացումը վերացվելու է, իսկ փոքր ձեռնարկատերերի համար հատուկ նշաձող է սահմանվելու, որի համաձայն՝ որոշակի ցուցանիշից փոքր ծավալներ ունեցող մթերային խանութների, սրճարանների, բանջարեղենի խանութների, վարսավիրանոցների եւ այլ փոքր ձեռնարկությունների համար 25%-ով զեղչվելու է։
Էլեկտրաէներգիայի գնի վերաբերյալ կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնելու մարտի 1-ից, հայտնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը