Տարիներ առաջ, երբ ուսանող էի, քայլում էի իմ ընկերներից մեկի հետ եւ մտորում այն մասին, թե ինչպես կարելի է հասնել որոշակի հոգեկան վիճակների, ազատվել ինչ-ինչ անձնական թուլություններից եւ հաղթահարել դժվարությունները։
Եվ հանկարծ հայտնության պես ինձ բացվեց մի միտք՝ հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Ինչին որ նայում ես, դրանով էլ լցվում ես»։ Այդ պահին դա ինձ համար նշանակում էր հետեւյալը՝ նայի՛ր դեպի աստվածայինն ու վերինները, եւ դրանցով էլ լցվելու է քո էությունը։
Հետագայում հասկացա, որ այս միտքը շատ ավելի ընդարձակ է։ Այն կարող է բացատրել մեր կյանքում կատարվող բազմաթիվ երեւույթներ․
- Եթե աչքդ գողանալու է, կգողանաս։
- Եթե անընդհատ վախենում ես, թե կհիվանդանաս, կհիվանդանաս։
- Եթե կասկածում ես, որ դավաճանում են, մղում ես դավաճանության։
- Եթե համոզված ես, որ ամեն ինչ լինելու է լավագույնս, նպաստում ես, որ հենց այդպես էլ լինի։
- Եթե ամեն քայլափոխի փնտրում եւ մատնացույց ես անում վատը, դրանով չես աջակցում լավի իրականացմանը։
- Եթե սրտանց փնտրում ես որեւէ խնդրի լուծում, այն կգտնվի:
Այս շարքը կարելի է շարունակել: Իսկ միտքը կարելի է ձեւակերպել նաեւ այսպես. «Դեպ ուր ուղղված է մեր հայացքը, այն ուղղությամբ էլ գնում ենք»: Առավել ընդհանրացված կարելի է ասել. «Ինչ որ փնտրում ենք, այն էլ գտնելու ենք»։
Սատկած շան սպիտակ ատամները
Պատմում են, որ մի անգամ Հիսուսն իր աշակերտներից մի քանիսի հետ քաղաքի մի նեղ փողոցով անցնելիս հանդիպում է շան դիակի, որն արդեն քայքայվում էր։ Աշակերտները խորշանքով անցնում են կողքով։ Նրանցից մեկն ասում է՝ «Ի՜նչ զզվելի է»։ Իսկ Հիսուսը կանգ է առնում, ցույց տալիս շան ատամները եւ ասում՝ «Տեսե՛ք՝ ինչ սպիտակ ատամներ ունի»։
Այս պատմությունը չկա կանոնական ավետարաններում։ Հավանաբար սկզբնական շրջանում այն պատմվել է բերանացի։ Իսկ 12-րդ դարում այն գրի է առել պարսիկ մեծ պոետ եւ միստիկ Նիզամին։ Տարածված է եղել սուֆիական շրջանակներում, կան անգամ մանրանկարներ, որտեղ պատկերված է այդ տեսարանը։ Այս պատմության տարբերակները հանդիպում են նաեւ հրեական հասիդականության գրվածքներում։
Սա մեզ սովորեցնում է՝ որքան էլ շատ լինեն տգեղն ու չարը, արժի մեր հայացքն ուղղել գեղեցիկին ու բարուն։ Բացասականի շատ լինելը չպետք է խանգարի մեզ փնտրելու եւ տեսնելու դրականը:
Դրականություն
Այս պատմությունն այն մասին է, որ ցանկացած, ամենատհաճ երեւույթին անգամ հանդիպելիս պետք է կարողանալ տեսնել այնտեղ եղած գեղեցիկը։ Ոչ մի բան մեզ չպետք է խանգարի նկատելու լուսավորն ու դրականը։ Անկասկած, սա չի նշանակում վերացարկվել իրականությունից, աշխարհին «վարդագույն ակնոցով» նայել, չտեսնել բացասականը, վատը կամ տգեղը։ Նա, ով տեսնում է սատկած կենդանու սպիտակ ատամները, տեսնում է նաեւ քայքայվող դին։ Սա մեզ սովորեցնում է յուրաքանչյուր պարագայում պահպանել դրականությունը:
Ռուդոլֆ Շթայները այս պատմությունը հիշատակում է իր «Գաղտնագիտություն» գրքում։ Այն հոգեկան վիճակը, երբ մարդը համատարած վատի մեջ փորձում է տեսնել լավը, նա կոչում է «դրականություն»։ Մեջբերեմ մի հատված. «Կարելի է վարժվել աշխարհի հանդեպ ձեռք բերելու այնպիսի հոգեկերտվածք, ինչպիսին տեսնում ենք այս լեգենդում։ Սխալը, վատը, տգեղը չպետք է հոգուն խանգարեն գտնելու ճշմարիտը, բարին ու գեղեցիկն ամենուր, որտեղ այն գոյություն ունի»։
Դրականությունը նպաստում է տեսնելու երեւույթի էությունը, ընկալելու կատարվածի իմաստը։
Ուշադրությունը՝ ամենաթանկ ռեսուրսը
«Հարյուրօրյակի» հեղինակ մեր հայրենակից Արմեն Պետրոսյանը պնդում է, որ ուշադրությունը մեր ամենաթանկ ռեսուրսն է։ Ես կավելացնեի՝ ուշադրությունը նաեւ մեր ամենակարող ռեսուրսն է։ Իսկապես, ուշադրությունը շատ հզոր բան է։ Բավական է այն ուղղենք դեպի դրականը, եւ մեր կյանքը սկսելու է փոխվել։ Հիշենք Սիմոնա Վեյի միտքը՝ «Մենք ազատ ենք միայն ուղղորդելու մեր հայացքը։ Մնացյալ ամեն ինչում, ինչպես մեխերով, գամված ենք անհրաժեշտությանը»։ Այս միտքը շատ խիստ է։ Սա նշանակում է՝ բացառությամբ մեր ուշադրությունը ուղղորդելուց, սկզբունքորեն այլ բան չենք էլ կարող անել, մնացած հարցերում անհրաժեշտության հպատակներն ենք։
Այնուամենայնիվ, անկախ իրավիճակից, մարդն ազատ է իր ուշադրությունը, ներքին հայացքն ուղղելու ցանկացած ուղղությամբ։ Ինչպես գեղեցիկ ձեւակերպել է Վիկտոր Ֆրանկլը. «Մարդուց ամեն ինչ կարելի է խլել, բացի մի բանից՝ մարդու ազատության վերջին մասնիկից`ցանկացած պայմաններում սեփական ներքին վերաբերմունքը, սեփական ուղին ընտրելու ազատությունից»:
Անգամ ամենածանր իրավիճակներում մեզ ազատություն է տրված մեր հայացքն ուղղելու դեպի Վերինները՝ տեսնելու ոչ թե սատկած շան լեշը, այլ սպիտակ ատամները, գտնելու գեղեցիկն ու բարին, հաղորդ լինելու իմաստին։
Փնտրենք իմաստ
Եթե մենք սովորենք երեւույթներին նայել դրականության դիրքերից եւ փնտրենք ընկալել դրանց իմաստը, շատ բան կարող է փոխվել մեր կյանքում։
Առաջարկում եմ կատարել հետեւյալ վարժությունը։ Յուրաքանչյուր քիչ թե շատ էական դեպքից հետո հատկացնում ենք տասը-տասնհինգ րոպե եւ գրում ենք կատարվածի մասին՝ ջանալով ընկալել եւ ներկայացնել երեւույթի իմաստը։ Գրում ենք այնպես, կարծես մեր սովորած դասը ցանկանում ենք նամակով փոխանցել մեզ համար թանկ մեկին, օրինակ՝ զավակներին։ Ոչ միայն պատմում ենք կատարվածը, այլեւ փորձում ենք ներկայացնել սովորած դասի իմաստը եւ անում ենք հետեւություններ՝ ինչպես վարվել։
Համոզված եմ, որ եթե այս վարժությունն անենք մեկ կամ երկու շաբաթ, օրը երկու կամ երեք անգամ, ձեռք ենք բերելու երեւույթների մեջ մնայունն ու արժեքավորը տեսնելու ունակություն: Եվ այդ ժամանակ դժվարությունները դառնալու են անելիքներ, հույզերն ու ապրումները՝ նպատակներ եւ մտադրություններ։ Եվ մենք ցանկացած իրավիճակում ձգտելու ենք տեսնելու Իմաստը, հասկանալու Անելիքը, հաղորդ լինելու Էությանը։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։