Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ռուսական զորքերի հնարավոր ներխուժման մասին արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումներին, հայտարարել է, որ Ուկրաինայի համար նման լուրերը հանգեցնում են միայն կորուստների բոլոր ճակատներում:
Զելենսկին ընդգծել է, որ հասարակության մեջ մշտական խուճապի պայմաններում ֆիզիկապես անհնար է իրականացնել տնտեսական քաղաքականություն եւ բարեփոխումներ։
Ուկրաինայի նախագահը չի հերքել, որ պատերազմի ռիսկերը գոյություն ունեն՝ պայմանավորված Ռուսաստանի իշխանությունների խոսքերի ու գործի անհամապատասխանությամբ եւ ուկրաինական սահմանների մոտ մեծ թվով ռուսական զորքերի կենտրոնացմամբ։ Նա ընդգծել է, որ եթե ՌԴ-ն նման պահվածք չդրսեւորեր, ոչ ոք ընդհանրապես չէր բարձրացնի այդ հարցերը:
Մասնագետներն ավելի վաղ նշել են, թե Զելենսկին փոխում է հռետորաբանությունը, քանի որ պատերազմի մասին խոսակցությունները միջազգային ներդրողներին անվստահություն են ներշնչում Ուկրաինայի հանդեպ:
Գերմանական Deutsche Welle-ն եւս ընդգծել է, որ թեեւ մի կրակոց անգամ չի եղել, սակայն մոտալուտ պատերազմի մասին խոսքն անգամ Ուկրաինայում հանգեցրել է միջազգային ներդրողների վստահության կորստի:
Պեսկովը Կիեւին մեղադրել է սադրանքի համար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Դոնբասից ստացված տեղեկությունը տագնապալի է, Կիեւի կողմից սադրանքներ են սկսվել։
Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, թե Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի վրա:
Հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ղեկավարի ներկայացուցիչ Ռուսլան Յակուբովն ասել էր, որ Կիեւը, անտեսելով Մինսկի համաձայնագրերը, ականանետներ ու հրետանի է կիրառում:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ շփման գծում տեղի են ունենում փոխհրաձգություններ, եւ որ առաջին հարվածները եկել են հենց Ուկրաինայի կողմից: Պեսկովը հավելել էր, որ ռուսական կողմը բազմիցս նախազգուշացրել է՝ Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը սահմանագծի մոտ հնարավոր սադրանքների հետ միասին կարող է մեծ վտանգի հանգեցնել: