Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու առանձին անհատներ փետրվարի 10-ին կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ հայտարարություն են տարածել:
Օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով:
Ըստ այդմ, ի թիվս մի շարք պատճառների՝ աղետաբեր բնական երեւույթների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ցույցերի տարբեր դրսեւորումներ, որոնց հետևանքով հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները:
Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Ընդ որում՝ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները նաեւ հետադարձ ուժ են ունենալու:
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ սույն օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը ժողովրդավարական արժեքներից եւ կայուն զարգացման ու կանաչ տնտեսության նպատակներից հետընթաց է գրանցում: Նրանք համոզված են, որ փոփոխությունը կխախտի քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։