Փետրվարի առաջին տասնօրյակում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրել է 39 դեպք: Դրանցից 37-ի դեպքում շրջակա միջավայրին հասցված ընդհանուր վնասը կազմել է 15 միլիոն 842 հազար 380 ՀՀ դրամ։
Եվս շուրջ 356 հազար դրամի վնաս էլ հաշվարկվել է նախկինում արձանագրված վեց դեպքի մասով, որոնց առնչությամբ նշանակվել է 250 հազար դրամի վարչական տուգանք:
Դեպքերից 36-ը առնչվել են բուսական աշխարհի պահպանության ոլորտին: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք, որի վնասը հաշվարկվել է ընդամենը 1000 դրամ:
Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման ու պահպանման ոլորտում արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված մեկ դեպքով նշանակվել է 50 հազար դրամի վարչական տուգանք։
1 միլիոն 290 հազար դրամի տուգանքի 19 որոշում
Հաշվետու ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարն ընդերքօգտագործման, փոքր ՀԷԿ-երի, թափոնի տեղադրման, փոխադրման ու վնասազերծման, հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման, ռեստորանների եւ հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ մատուցող օբյեկտներում ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր է տվել:
Նշված ոլորտներում նախկինում վեց ստուգումների արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ ընդհանուր 1 միլիոն 290 հազար դրամի չափով: Սրանց դեպքում բնությանը պատճառված վնասը հաշվարկվել է 489 հազար դրամ։
Վեց գործ էլ ուղարկվել է արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: