Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է ընթացիկ տարում Հայաստանի ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
«Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը հիմք ընդունելով՝ սահմանվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանատեսակները եւ դրանց չափաքանակները։
Շրջակա միջավայրի նախարարությունը որսորդությամբ զբաղվող եւ համապատասխան արտոնագրեր ունեցողներին հորդորել է որսի շրջանում ապահովել եւ խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, գերորսը բացառելու նպատակով որսն անել բացառապես տրամադրված արտոնագրերում նշված չափաքանակով եւ առավելագույն հոգատարություն դրսեւորել բնության նկատմամբ։
16 տեսակ, 16 սահմանափակում
1) կարմրախայտ 2022 թվականի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը 1 կգ-ից ոչ ավելի, յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում, ձվադրման ժամանակահատվածը (ՁԺ)՝ հոկտեմբեր-նոյեմբեր, թույլատրելի չափերը՝ 15 սմ եւ ավելի,
2) ծիածանախայտ ֆորել առանց որեւէ սահմանափակման, ՁԺ-ն՝ հունվար-մարտ,
3) կովկասյան թեփուղ 3 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ եւ ավելի,
4) սպիտակ ամուր, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ եւ ավելի,
5) սեւ ամուր, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 70 սմ եւ ավելի,
6) կուրի կողակ, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 25 սմ եւ ավելի,
7) կուրի բեղաձուկ, 4 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հուլիս, թույլատրելի չափերը՝ 20 սմ եւ ավելի,
8) ճանար, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 30 սմ եւ ավելի,
9) արեւելյան տառեխիկ, 3 կգ-ից ոչ ավելի, մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 8 սմ եւ ավելի,
10) ծածան, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 40 սմ եւ ավելի,
11) սպիտակ հաստաճակատ, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ եւ ավելի,
12) խայտաբղետ հաստաճակատ, 5 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 50 սմ եւ ավելի,
13) արծաթափայլ կարաս, 10 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ ապրիլ-հունիս, թույլատրելի չափերը՝ 10 սմ եւ ավելի,
14) բրամ, 2 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ հուլիս-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 20 սմ եւ ավելի,
15) լոքո, 8 կգ-ից ոչ ավելի, ՁԺ-ն՝ մայիս-հունիս, թույլատրելի չափերը՝ 60 սմ եւ ավելի,
16) խեցգետին, 1 կգ-ից ոչ ավելի, բազմացման ժամանակահատվածը՝ ապրիլ-օգոստոս, թույլատրելի չափերը՝ 9 սմ եւ ավելի։
Նախարարությունը զգուշացրել է, որ որսաշրջանի ընթացքում որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է իր եւ պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։