Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գալիք նախագահական ընտրություններում առայժմ չի առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զբաղված է համաշխարհային իրադրության կարգավորմամբ։
«Ֆրանսիացի առաջնորդը կամենում է բանակցել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- ասել է Լը Դրիանը եւ շեշտել, որ միջազգային իրավիճակը դեռեւս շատ պայթյունավտանգ է։
Ֆրանսիական BFM TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ առաջիկա նախագահական ընտրությունների առաջատարն ու գլխավոր ֆավորիտը Մակրոնն է։ Առաջին փուլից երեք ամիս առաջ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացի Էմանուել Մակրոնին անվանել է մրցավազքի հաղթող:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին։ Առ այսօր ընտրական մարաթոնին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է ավելի քան 40 թեկնածու։
Հակառակ այն հանգամանքին, որ քվեարկության օրվան մնացել է 51 օր, Էմանուել Մակրոնը դեռեւս չի հայտնել իր ծրագրերը։ Նախընտրական քարոզարշավը Ֆրանսիայում կմեկնարկի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով։