ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը եւ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հայտարարած քրեական հետապնդման առնչությամբ համատեղ հայտարարությամբ։
Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն եւ Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է:
Պաշտպաններն ընդգծել են, որ Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց «սեւ ցուցակներով» շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար եւ ունեն իրական մտադրությունները քողարկելու նպատակ:
Ադրբեջանական իշխանությունն է անմիջական պատասխանատուն պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցանքների, դրանց թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ եւ նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու եւ զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 հազար քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու եւ բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու եւ ոչնչացնելու համար։
«Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը եւ մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները՝ խաղաղության կոչերի ներքո թաքնվելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի եւ պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար»,- ասված է համատեղ հայտարարությունում։
Պաշտպանները շեշտել են, որ հայտարարությունը կուղարկեն միջազգային կառույցներին նաեւ առանձին նամակներով:
Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը փետրվարի 15-ին հայտարարել էր, թե Ադրբեջանի իրավապահները մտադիր են սեղմ ժամկետում ձերբակալել Արայիկ Հարությունյանին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է Գյանջայի վրա հրթիռային հարձակման համար։ Ավազովը պնդել է, թե Հարությունյանը սոցցանցերում խոստովանել է, որ ինքն է քաղաքի վրա հարձակման նախաձեռնողը։