ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Կրեմլում երկուսուկես ժամ անցկացված բանակցությունները «կառուցողական» է որակել:
Նախագահները քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի խնդրահարույց հարցերը, դրանց թվում նաեւ լարված իրավիճակը Դոնբասում, որտեղ սկսվել է խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը Ռուսաստան։
Լուկաշենկոն ասել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ կանգնած են հակամարտության եզրին, որը կարող է ներառել ամբողջ մայրցամաքը:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուշադրություն չի դարձրել Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին տեղեկություններին, իսկ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պատերազմ չի ուզում, բայց անհրաժեշտության դեպքում պատասխանը համաչափ կլինի։
«Արեւմուտքն այնքան վրդովված է, որ Ռուսաստանը չի ներխուժել Ուկրաինա, որ հիմա սադրանքների համար նոր պատրվակ է փնտրում»,- ասել է Բելառուսի ղեկավարը եւ հավելել, որ երկու երկրները պարտավոր են դիմադրել Արևմուտքի տնտեսական ճնշմանը: Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ իրենց «խեղդել» չի հաջողվի։
Անձամբ կմասնակցի միջուկային ուժերի զորավարժություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի եւ կղեկավարի ռազմավարական միջուկային ուժերի պլանային վարժանքները։
Փետրվարի 19-ին մեկնարկելիք զորավարժություններին կմասնակցեն օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային եւ Սեւծովյան նավատորմը:
Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ստուգել ռազմական կառավարման մակարդակը, մարտական հաշվարկների, անձնակազմերի պատրաստականությունը, ռազմավարական միջուկային եւ ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը։
Զորավարժություններ են, չանհանգստանաք
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում անցկացվող բոլոր զորավարժությունները միանգամայն թափանցիկ են։ Ըստ Պեսկովի՝ դրանք միանգամայն հասկանալի են այլ երկրների մասնագետների համար եւ որեւէ մեկի չպետք է անհանգստացնեն:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Վլադիմիր Պուտինի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «հնգյակի» գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությունը առաջվա պես սեղանին է:
«Կարմիր գծերը» դեռեւս անտեսվում են
ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքի պատասխանը, ըստ որի` ԱՄՆ-ը կառուցողական պատասխան չի տվել Ռուսաստանի բոլոր առանցքային առաջարկներին` ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելը, նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում ռազմակայանների ստեղծումը եւ «բուխարեստյան բանաձեւի» հետկանչը: Ըստ Կրեմլի՝ «Կարմիր գծերը» դեռեւս անտեսվում են: