Ուկրաինայի ազգային ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե երկրի արեւելքում իրենց վերահսկողության տարածքը հինգշաբթի ենթարկվել է հրետակոծության, որի հետեւանքով բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ռուսամետները հերքում են նախօրեին Լուգանսկայա ստանիցայում մանկապարտեզի շենքի վրա արկեր գցելու ու երկու աշխատակցի վիրավորվելու հարցում ռուսների մեղավորությունը՝ պնդելով, որ հրետակոծումները ուկրաինական կողմից են, եւ մանկապարտեզի շենքը վնասվել է ուկրաինացիների կրակի հետեւանքով։
Ուկրաինայի արեւելքում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ղեկավար Յաշար Չեւիկը հայտարարել է, որ շփման գծի երկայնքով 500 պայթյուն է արձանագրվել չորեքշաբթիից հինգշաբթի, այնուհետեւ դրանց թիվը նվազել է՝ հասնելով երեք տասնյակի։ Ըստ հաղորդագրությունների՝ հրետակոծություններն օրվա ընթացքում շարունակվել են։
Տարհանվելու են նախ կանայք, երեխաներն ու տարեցները
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ փետրվարի 18-ից սկսվում է Դոնբասի խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը Ռուսաստանի Դաշնություն։ ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների կարծիքով` ժամանակավոր տարհանումը կփրկի տեղի բնակչության կյանքն ու առողջությունը։ Առաջին հերթին տարհանվելու են կանայք, երեխաներն ու տարեցները։
ՌԴ մեկնած քաղաքացիներին ժամանակավորապես կտեղավորեն Ռոստովի մարզում, որտեղ նրանց համար արդեն նախապատրաստել են բնակության վայրեր ու անհրաժեշտ կենցաղային պայմաններ։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։ Պուշիլինն ասել է, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու ծրագիրը: