Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Ուկրաինային աջակցող բանաձեւ։ Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերն ընդգծել է, որ ընդունված բանաձեւը շատ կարեւոր է։ Փաստաթղթի հաստատումը նշանակում է, որ երկու կուսակցությունների ամերիկացի օրենսդիրները միասնական են Ուկրաինան պաշտպանելու հարցում։
Ըստ բանաձեւի՝ սենատորները պաշտպանում են Ուկրաինայի իշխանությունների՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերը եւ Վաշինգտոնին առաջարկում են քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական աջակցություն ցուցաբերել Կիեւին։
Օրենսդիրները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին առաջարկել են նաեւ Ռուսաստանի՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարող հետագա ներխուժման կամ վնասակար գործողությունների դեպքում օգտագործել բոլոր հասանելի գործիքները, որպեսզի ՌԴ-ն զգալի ծախսեր կրի, եւ վերականգնվի խաղաղությունը Եվրոպայում։