Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց մեկ կամ երկու օր անց Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավոր հանդիպում ունեցավ ԼՂ-ից ընտրված պատգամավորներիս հետ եւ միանշանակորեն հայտարարեց, որ նոր իշխանությունը Ստեփանակերտում «պարտնյոր չունի»։
Կարճ ժամանակ հետո նա ավելի հանգամանորեն խոսեց արդեն Գերագույն խորհրդի փակ նիստում՝ խնդիր դնելով հասնելու մարզի իշխանության սահմանադրական մարմինների վերականգնմանը։ (1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ կասեցվել էին մարզխորհրդի եւ նրա գործադիր կոմիտեի լիազորությունները, ԼՂ-ում իշխանություն էր Հատուկ կառավարման կոմիտեն, որի իրավասությունը նույն տարվա նոյեմբերի 28-ին դադարեցվել էր, ստեղծվել էր արդեն Ադրբեջանի իրավազորության Կազմկոմիտե, փաստացի՝ ռազմաոստիկանական խունտա)։
Տեր-Պետրոսյանի առաջարկած ծրագիրը, երեւի, համաձայնեցված էր Մոսկվայի հետ։ Ի՞նչ էր դա ենթադրում։ Մի բան՝ ԼՂ-ում անցկացնել բոլոր մակարդակների խորհուրդների ընտրություններ, կազմավորել մարզային խորհուրդ, ընտրել գործկոմ եւ նախագահ։ Այսինքն՝ վերացնել Պոլյանիչկոյի խունտան, ունենալ սահմանադրական իշխանությունը, որն էլ կլիներ քաղաքական պարտնյոր։
Ծրագիրը մերժվեց։ «Հայրենասիրական» չէր, չէր արտահայտում ստեփանակերտյան հանրահավաքների եւ ցույցերի «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» տրամադրվածությունը։ Մինդեռ սառը հաշվարկը պահանջում էր քաղաքականությունը փողոցից վերադարձնել իշխանության օրինական մարմինների տիրույթ, հարցի կարգավորման իրավասությունը «դրոշ ծածանողներից» փոխանցել ժողովրդի կողմից լիազորված մարմնին՝ մարզային խորհրդին, նրա գործադիր կոմիտեին, գործկոմի նախագահին։
Իշխանության սահմանադրական մարմինների վերականգնման անհրաժեշտության գիտակցում, իհարկե, Ստեփանակերտում նույնպես կար։ Խնդիրն այլ հարթությունում էր․ «Իսկ ո՞վ է լինելու իշխանություն»։ 1989 թվականի ամռանը (դրա մասին, երեւի, շատ քչերը գիտեն) տեղի էր ունեցել մարզային կուսնոմենկլատուրայի եւ Շարժման «ընդհատակի» ներկայացուցիչների խիստ գաղտնի հանդիպում (եթե չեմ սխալվում՝ Շոշ գյուղում), եւ որոշվել էր, որ «երկու թեւերը միավորվում են»։ Արդյունքում ունեցանք Ազգային խորհուրդ, որի լիազորությունները, բնականաբար, ո՛չ Բաքուն ճանաչեց, ո՛չ Մոսկվան, եւ իշխանության հարցը մնաց առկախ։
Մանրամասնությունների տրվելու անհրաժեշտություն չկա։ Նկատել տամ միայն, որ այլ բան է, երբ ԼՂՀ է հռչակում սահմանադրական լիազորություն չունեցող նստաշրջանը, բոլորովին այլ՝ երբ դա անում է ժողովրդի կողմից օրինական ընտրություններով կազմավորված մարզային խորհուրդը։ Բայց մենք ռոմանտիկ ենք, չէ՞։ Եթե այդպես չէ, ապա ինչպե՞ս ենք ասում, որ ԼՂՀ-ն 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է ոչ միայն ԼՂԻՄ եւ Ադրբեջանի նախկին Շահումյանի գյուղական շրջանի, այլեւ Գետաշենի ենթաշրջանի սահմաններում։ Չէ՞ որ Գետաշենը եւ հարակից գյուղերը 1991-ի ապրիլի վերջ-մայիսի սկզբներին արդեն բռնատեղահանված, բնակեցված էին «Հայաստանից փախստական ադրբեջանցիներով»։
Փետրվարի 18-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն «կողմ» քվեարկեց, եւ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Մի քանի օր հետո կընդունվի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։
Հետո՞, ի՞նչ իրավա-կիրառական նշանակություն է դա ունենալու, քաղաքական ի՞նչ հետեւանքներ՝ «կողմ» քվեարկող պատգամավորներին դույզ-ինչ չի հուզում։ Կարեւորը՝ բարեհաջող անցան «հայրենասիրության փորձությունը»։ Ոչ ոք նրանց փողոցում չի կանգնեցնի եւ «դավաճան» չի ասի։
Նույն նիստում պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զարհուրելի ճշմարտություն բացահայտեց։ (Այդ մասին Ստեփանակերտում խոսում էին ապրիլյան քառօրյայից հետո)։ Պարզվում է՝ զորակոչային տարիքի մարդիկ արցախյան հաշվառումից դուրս են գրվել եւ հաշվառման կանգնել Հայաստանի զինկոմիսարիատներում, ոմանք էլ բժշիկների օգնությամբ կցագրվել զորամասերի թիկունքային ծառայությունում։
Պատգամավորը հայտարարեց, որ ցուցակներն ունի, վերջնական ճշգրտումներից հետո կհրապարակի։ Ինչպե՞ս են Արցախում մշտապես բնակվող, պետական ծառայության մեջ գտնվող, նույնիսկ պաշտոն զբաղեցնող անձինք զինվորական հաշվառումից դուրս գրվել։
Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է․ որպեսզի պատերազմի դեպքում չզորակոչվեն։ Բայց փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի զինկոմիսարիատները կարո՞ղ էին ինքնագլուխ նման քայլի գնալ։ (Որքան գիտեմ, զինվորական հաշվառումից անձին հանելու համար պետք է լինի ՊԲ հրամանատարի համաձայնությունը)։
Պատգամավորը կհրապարակի՞ ցուցակը, ո՞ւմ անունը կբացահայտվի՝ արդեն երկրորդական հարց է։ Բուն զարհուրանքն այն է, որ ապրիլյան քառօրյայից հետո որոշակի շրջանակներ, հավանաբար իրազեկված լինելով աղետալի պատերազմի անխուսափելիությունից, նախապես իրենց «ալիբին» ստեղծել են․ «Ես հաշվառված եմ Գեղարքունիքի մարզում, երբ ծանուցագիր կստանամ, իսկույն կներկայանամ եւ պարտքս կտամ, կյանքս չեմ խնայի»։
Մարդն այդպիսով «հայրենասիրության փորձությունն» անցած է համարում։ Ինքն անպարտ է, անմեղ, Արցախի տարածքները «սորոսականներն են հանձնել», թող նրանք էլ պատասխան տան։ Վաղը, եթե «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը ցավոտ հետեւանք(ներ) ունենա (հո պատահական չէ՞, որ Ադրբեջանի դատախազությունը հենց այդ քննարկումների օրով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին «պետական դավաճանության» մեղադրանք առաջադրեց եւ սպառնաց «ամենամոտ ապագայում կալանավորել»), Արցախի ԱԺ պատգամավորները կա՛մ չքմեղանալու են, կա՛մ արդարանալու․ «Ուզում էինք լավ բան անել, դե էդպես ստացվեց»։
Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ԼՂ կարգավորման մասին ասում․ «Փորձեցի տրամաբանությունը փոխել, չստացվեց»։ Բաց թողնված հնարավորությունը չի վերադառնում։ (Եթե 1990-ին ԼՂ-ում սահմանադրական իշխանությունը վերականգնվեր, խնդրի կարգավորումը բոլորովին այլ, մեզ համար շատ նպաստավոր հուն կմտներ)։ Բայց կարելի է, չէ՞, խուսափել եւս մեկ հնարավորություն կորցնելու «հայրենասիրական գայթակղությունից»։ Մանավանդ որ դա, գուցե, վերջինն է․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։