Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Անկարայում «գաղթի մասին» հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ, հայտնում է Milliyet պարբերականը։
Մոտ 2.5 ժամ տեւած հանդիպման ընթացքում նախարարը պատմել է, թե ինչպես եւ ինչ մեթոդներով է Թուրքիան կառավարում 2011 թվականի Սիրիայի ներքին պատերազմից ի վեր փախստականների՝ գնալով ահագնացող հոսքը։
Այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Արեւմուտքը ստեղծված խնդրի շուրջ, Սոյլուն պատասխանել է․ «Խնդիրը դիտարկում են զուտ որպես հոլիվուդյան ֆիլմի սցենար։ Դրանից զատ ոչ մի նշանակություն չեն տալիս հարցին։ Եվրոպան այս հարցը լուծելու համար ո՛չ բավականաչափ կամք ունի, ո՛չ էլ գործող համակարգ»։
Ներքին գործերի նախարարը նշել է փախստականների խնդրի ներկայիս իրավիճակը՝ մի քանի կետով:
Ճամփորդական վիզայով Թուրքիայում մնալ ցանկացող կամ դեպի Արեւմուտք գնալու նպատակ ունեցող անձանց թիվը բավականին մեծ է։ Աֆրիկայից ճամփորդական վիզաներով գալիս են, անձնագրերը ոչնչացնում ու մնում Թուրքիայում։ Բերման երթարկվելիս ասում են, թե Պաղեստինից են։ Սրա դեմ պայքարի մեթոդն արդեն գտել են․ Աֆրիկայի դեսպանատների հետ են կապ հաստատում, մատնահետքի միջոցով նույնականացնում ու հետ են ուղարկում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով Իրանում գտնվող 5 մլն աֆղաններից 2 մլն-ը Թուրքիայի սահմանամերձ գոտում են, 3,9 մլն փախստական կա Իդլիբում (Սիրիա), 1,2 մլն՝ Սիրիայի մյուս սահմանամերձ շրջաններում։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում ամեն վայրկյան սահմանն անցնելու պատրաստ մոտ 8 մլն փախստական կա։
Վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիայի հարավարեւելյան սահմաններից 2,5 մլն մարդ սահմանը հատելու փորձ է արել, իսկ Արեմուտք գնացածների թիվը 650 հազար է։ Թուրքիան երկրից հետ է ուղարկել 306 հազար փախստականի, այստեղ ներառված չեն Սիրիա ինքնակամ վերադարձածները։ Հետ ուղարկվել են մեծ մասամբ դեպի Աֆղանստան, Սիրիա, Պակիստան, Բանգլադեշ, Սոմալի։
2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում Թալիբանների իշխանության գալուց հետո փախստականներին հետ ուղարկելու գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ 2022-ի հունվարի 27-ից արդեն չարթերային 5 չվերթ է կատարվել, ու գործընթացը վերսկսվել է։
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 193 հազար սիրիացի (որոնցից 84 հազարը՝ երեխաներ) դարձել է Թուրքիայի քաղաքացի։ Նրանց մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մինչեւ 2011-ն էին Թուրքիա եկել։
Թուրքիայում ծնվել է 700 հազարից ավելի սիրիացի երեխա, իսկ պետության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած 3 մլն 700 հազար սիրիացի կա։
Տարբերություն կա նաեւ Սիրիայում ներքին պատերազմի տարածքից եկած սիրիացիների ու Դամասկոսից ու շրջակա բնակավայրերից եկած փախստականների միջեւ, որովհետեւ Դասմասկոսից հիմնականում տնտեսական ճգնաժամի պատճառով են գալիս, ոչ թե հակամարտության գոտուց են փախչում։ Հետեւաբար այդ շրջաններից եկած փախստականները չեն ստանում ժամանակավոր պաշտպանություն ու միանգամից ճամբարներ են տեղափոխվում։
Թուրքիայից Սիրիա ինքնակամ վերադարձել է մոտավորապես 480 հազար մարդ։ Բայց գործընթացը կանգ է առել, որովհետեւ այլեւս գնալու վստահելի տեղ չի մնացել, հայտնել է նախարարը։ Ըստ նրա՝ Սիրիայի հետ հարաբերությունների հարցում «թունելի վերջում լույս չի երեւում», հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ պարզություն չկա։
«Որպեսզի գետտոյացման գործընթացը կարողանանք կանխել, երկրի բնակչության թվի 25%-ից ավելի փախստականների չենք ընդունելու ու ոչ միայն Սիրիայից, այլեւ ոչ մի օտարերկրացու չենք ընդունելու»։
Հանցանք գործելու տեսանկյունից աչքի ընկնող դեպքեր չեն գրանցվել։ 2020 թվականին Թուրքիայում հանցանք է գործել 37 հազար, իսկ 2021-ին՝ 50 հազար սիրիացի։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը